Ուկրաինան դրոններով հարձակվել է Բելգորոդի մարզի 11 բնակավայրերի վրա․ մարզպետ
Ուկրաինացի զինվորականները դրոններով հարձակվել են Բելգորոդի մարզի 6 համայնքի 11 բնակավայրերի վրա։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինական անօդաչուները շարունակում են հարվածները մեր մարզին։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Գրայվորոնի շրջանի Դոբրոյե գյուղում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեքենա է այրվել։ Զամոստիե գյուղում FPV-դրոնը պայթել է ձեռնարկության տարածքում։ Տոպոլի խուտորում դրոնի հարվածից վնասվել են 3 ավտոմեքենա, առևտրի օբյեկտ, ինչպես նաև գազամուղը և էլեկտրագծերը: Կոսիլովո գյուղում դրոնների պայթյունների հետևանքով վնասվել են ձեռնարկության սարքավորումներն ու տրակտորը»:
Գլադկովը հավելել է, որ Բելգորոդի շրջանի Նիկոլսկոյե, Օկտյաբրսկի և Յասնիե Զորի գյուղերում դրոնների հարձակումների հետևանքով վնասվել են 2 ավտոմեքենա, 2 առանձնատների պատուհանները, ճակատային մասերը և ցանկապատերը, ինչպես նաև 3 տնտեսական շինություններ:
Մարզպետը նաև տեղեկացրել է, որ Շեբեկինոյի շրջանի Արխանգելսկոյե գյուղում դրոնի հարվածից վնասվել է 1, իսկ Վալույսկի շրջանի Գլադկովո գյուղում FPV-դրոնի պայթեցման հետևանքով՝ 3 ավտոմեքենա, որոնցից 1-ը մոխրացել է:


