Թուրքիայի ԱԳՆ-ում փորձել են գտնել միջոցը 10 երկրների դեսպաններին պերսոնա նոն գրատա չհայտարարելու համար. ԶԼՄ
Թուրքիայի ԱԳ նախարարությունում դիվանագետները փորձել են գտնել միջոց, որպեսզի համոզեն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին փոխել որոշումը, որը կարգադրել էր արտաքին գործերով զբաղվող գերատեսչությանը պերսոնա նոն գրատա հայտարարել 10 երկրների դեսպաններին, որոնք ավելի վաղ կոչ էին արել Անկարային ազատ արձակել ակտիվիստ Օսման Քավալային: Այդ մասին կիրակի հայտնել է ANKA թուրքական տեղեկատվական գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Լրատվականի տվյալներով՝ Էրդողանը համապատասխան հրամանն արձակել է հոկտեմբերի 21-ին: Դիվանագետների փորձերը, որոնք ուղղված էին Թուրքիայի առաջնորդին համոզելուն եւ իրադարձությունների այդպիսի զարգացումը թույլ չտալուն, հաջողությամբ չեն պսակվել:
Մինչդեռ գործակալությունը պնդում է, որ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի եւ Նոր Զելանդիայի դեսպանները ներկայում չեն ստացել Թուրքիայի ԱԳՆ-ից համապատասխան ծանուցումը:
Թուրքիայի ընդդիմության ներկայացուցիչները համարում են, որ Էրդողանն այդպիսի հայտարարությունն արել է, որպեսզի շեղի ուշադրությունը երկրում վատթարացող էկոնոմիկայից: Անցած շաբաթ թուրքական լիրայի փոխարժեքը թարմացրել է ռեկորդային նվազագույն շեմը՝ ի տարբերություն դոլարի՝ հասնելով 1 դոլարի դիմաց 9,60 լիրայի:
Քավալան բերման էր ենթարկվել 2017 թվականի հոկտեմբերի 18-ին Ստամբուլի օդանավակայանում: Նույն թվականի նոյեմբերի 1-ին դատարանը վճռել էր կալանքի տակ առնել նրան սահմանադրական կարգը եւ գործող կառավարությունը տապալելու փորձի համար: Թուրքիայի իշխանությունները նաեւ համարում են, որ Քամալան ներգրավված էր բողոքի ակցիաներում, որոնք անցկացվել էին 2013 թվականին:
2020 թվականի փետրվարին Ստամբուլի դատարանը որոշել էր արդարացնել եւ ազատել ակտիվիստին, սակայն նույն օրն ավելի ուշ դատախազությունը կրկին նրան կալանավորել էր: