Ռուսաստանը ԵԱՀԿ ԽՎ-ից դուրս գալու մտադրություն ունի
Ռուսաստանը մտադիր է կասեցնել անդամակցությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովին և դադարեցնել վճարումներն այդ մարմնին, գրում է Kommersant-ը։
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախաձեռնությանն աջակցել է խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, իսկ Պետդուման հայտարարել է այդ կապակցությամբ օրինագծի պատրաստման մասին։
ԵԱՀԿ ԽՎ-ին Ռուսաստանի անդամակցության դադարեցման պատճառը Մատվիենկոն անվանել է Ռումինիայի իշխանությունների քայլը. Բուխարեստը մերժել է վեհաժողովի հերթական նստաշրջանի համար ՌԴ պատվիրակությանը մուտքի վիզա տրամադրել:
Ռումինիայի արտաքին գործերի նախարարության գրառման մեջ ասվում է, որ «Ռուսաստանի Դաշնության պատվիրակության անդամներից ոչ մեկին վիզա չեն տրամադրի կամ թույլ չեն տա մուտք գործել երկիր՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ»:
ԵԱՀԿ ԽՎ հաջորդ տարեկան նստաշրջանը տեղի կունենա հունիսի 29-ից հուլիսի 3-ը Բուխարեստում։