ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ռուսաստանը դադարեցրել է Աբխազիայի բյուջետային աշխատողների սոցվճարները

Ռուսաստանը դադարեցրել է Աբխազիայի բյուջետային աշխատողների սոցվճարները

Սեպտեմբերի 1-ից ՌԴ-ն դադարեցրել է ուսուցիչների, բժիշկների եւ ուժային կառույցների սոցիալական վճարները։ Էլեկտրաէներգիայի մատակարարումները նույնպես աշուն-ձմեռ սեզոնին կիրականացվեն կոմերցիոն արժեքով։ Այս մասին լրագրողներին ասել է Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբան, հայտնել է ՏԱՍՍ-ը։

2024թ. մարտին Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները վավերացրել էին Աբախզիայի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Համաձայնագրում փոփոխություններ մտցնելու արձանագրությունը 2022-25թթ. հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրին աջակցելու մասին։ Արձանագրությունը ենթադրում էր բյուջետային ոլորտի աշխատողների ամենամյա միջին աշխատավարձի հաստատում, որոնք կարող էին ֆինանսավորվել ՌԴ եւ Աբխազիայի միջոցների հաշվին։ Այդ նպատակների համար 2024թ. նախատեսված է 1 մլրդ 780 մլն ռուբլի։ 2023թ. նոյեմբերին խորհրդարանը վավերացրեց 2020թ. ռուս-աբխազական համաձայնագրի արձանագրությունը, որի համաձայն՝ ծախսերի ֆինանսավորումը երկարացվում էր մինչեւ 2025թ. դեկտեմբերի 31-ը։

«Սեպտեմբերի 1-ից դադարեցվել է որոշ վճարների ֆինանսավորումը։ Դրանք վերաբերում են բժիշկներին, ուսուցիչներին, ուժային կառույցներին եւ այլն։ Դրված է նաեւ էլեկտրաէներգիայի հարցը»,- ասել է Շամբան։ Նա նշել է, որ համապատասխան փաստաթուղթը սեպտեմբերի 2-ին ստացել է վաչապետ Ալեքսանդր Անկվաբը։

Շամբան նաեւ մեկնաբանել է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի եւ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի խորհրդակցության արձանագրությունը։ Մեծ անհանգստություն է առաջացրել կետն այն մասին, որ նախագահ Ասլան Բժանիան իբր պարտավորվել է միչեւ 2024թ. սեպտեմբերի 20-ը ներկայացնել տվյալներ Աբխազիայի պատգամավորների եւ ընդդիմության ղեկավարների մասին, ովքեր ռուսական քաղաքացիություն ունեն եւ «գործում են ի վնաս ՌԴ շահերի»։

«Իմ հասցեին, նախագահի հասցեին եւ ԱԽ քարտուղարի հասցեին ստացվել է թուղթ ընդդիմադիր կուսակցություններից եւ հասարակական կազմակերպություններից, որոնք դրել են այդ փաստաթղթի իսկության հարցը։ Դրա հետ կապված՝ երեկ, սեպտեմբերի 2-ին, մենք հանդիպում ենք ունեցել ԱԳՆ-ում, տեղի է ունեցել սպառիչ խոսակցություն»,- ասել է արտգործնախարարը։ Նա նշել է, որ պաշտոնապես այդ արձանագրությունը Աբխազիայի ԱԳՆ-ն չի ստացել, դրա համար էլ այն «չի կարող համարվել որպես իսկական»։

  • Կիսվել: