հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Ռուս պրանկերները խաբել են ԵԱՀԿ գործող նախագահին և հեռախոսազրույց վարել նրա հետ (տեսանյութ)

Ռուս պրանկերները խաբել են ԵԱՀԿ գործող նախագահին և հեռախոսազրույց վարել նրա հետ (տեսանյութ)

Հայտնի ռուս պրանկերները, ներկայանալով որպես ռուսական ընդդիմության ներկայացուցիչներ, կարողացել են հեռախոսազրույց ունենալ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ և խաբել նրան, գրում է շվեդական Expressen-ը։

Կեղծ պատրվակներով պրանկերներն արդեն զանգահարել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, Բորիս Ջոնսոնին, երբ նա դեռ արտգործնախարար էր, Լեհաստանի նախագահ Դուդային, Թուրքիայի նախագահ Էրդողանին, Կանադայի վարչապետ Թրյուդոյին:

Վովա և Լեքսուս կեղծանուններով պրանկերները կասկածվում են «ռուսական ռեժիմի» հետ համագործակցության համար։

«Արտաքին գործերի նախարարի համար կարևոր է բաց լինել տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ շփման և երկխոսության համար: Ցավալի է, որ այս բացությունն այսպես է օգտագործվում: Արտաքին գործերի նախարարությունն ունի անվտանգության որոշակի կանոններ, սակայն այս դեպքում դրանք ըստ հավուր պատշաճի չեն պահպանվել», - ասել են Շվեդիայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից:

Անն Լինդեն ավելի քան տասը րոպե զրուցել է մարդկանց հետ, որոնք իրենց ներկայացրել են որպես ռուսական ընդդիմության ներկայացուցիչներ: Նրանք խոսել են Յուլիա Նավալնայայի՝ բանտարկված ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կնոջ, և Նավալնիի շտաբի պետ Լեոնիդ Վոլկովի անունից:

Զրույցի ընթացքում Անն Լինդեն խոսել է Ռուսաստանի քաղաքացիական հասարակությանը ցուցաբերվող օգնության և մարդու իրավունքների խախտման հետևանքով Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների մասին: Նա հստակեցնում է, որ Շվեդիան կարող է ավելի շատ աջակցություն ցուցաբերել: Զրույցի տոնը դրական է, և զրուցակիցները մի քանի անգամ ծիծաղում են:


  • Կիսվել: