երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ՌԴ Բելգորոդի մարզում բնակիչներին հորդորել են տուն չվերադառնալ տարածք ներխուժած դիվերսանտների դեմ գործողության պատճառով

ՌԴ Բելգորոդի մարզում բնակիչներին հորդորել են տուն չվերադառնալ տարածք ներխուժած դիվերսանտների դեմ գործողության պատճառով

 ՌԴ ուժային կառույցները շարունակում են գործողությունները Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանում, ուր, ըստ տեղի իշխանությունների, ներխուժել է ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբ:  Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում հայտնել է, որ ուժային կառույցներին զուգահեռ տեղում աշխատում է նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Գլադկովը Գրայվորոնսկի շրջանի տարհանված բնակիչներին հորդորել է առայժմ չվերադառնալ իրենց տները: Նա նաև հաղորդել է երկու վիրավորի մասին: Ավելի ուշ կատարված գրառման մեջ նահանգապետը հայտնել է, որ վիրավոր ընտանեկան զույգին տեղափոխել են հիվանդանոց: Կնոջ մոտ ստորին վերջույթների բեկորային վնասվածքներ են, իսկ տղամարդու մոտ՝ կրծքավանդակի վնասվածք:

Իսկ տարհանման ժամանակ, ըստ նահանգապետի, մահացել է 82-ամյա մի կին: Դա տեղի է ունեցել, երբ նա իր որդու և նրա կնոջ հետ ավտոբուսում է եղել: Կնոջ մահվան պատճառները պարզվում են:

Ըստ նահանգապետի՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարվածները շարունակվում են: Բելգորոդ քաղաքի և Բելգորոդի շրջանի երկնքում ՀՕՊ համակարգերն ԱԹՍ են խոցել: Տուժածներ չկան:

РИА Новости-ն նշում է, որ նախօրեին Գրայվորոն քաղաքը և հարևան գյուղերը ուկրաինական ուժերի կողմից ենթարկվել են ականանետային գնդակոծության, որի հետևանքով կա 8 վիրավոր: Գնդակոծությունից հետո, ըստ հրապարակման, տարածք են ներխուժել մի խումբ դիվերսանտներ: Բելգորոդի մարզում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ:

Ուկրաինայի ռազմական հետախուզությունը հայտարարել է, որ գործողությունն իրականացնում են Ռուսաստանի քաղաքացիներից կազմված խմբավորումները, որոնց նպատակն է «անվտանգության գիծ» ստեղծել:

  • Կիսվել: