երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ

Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների շրջանակում Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող ձկնաբուծարանում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպք։

ԲԸՏՄ-ից հայտնում են, որ քաղաքացի Թ. Ս.-ն ձկնաբուծության նպատակով ջրառ է իրականացրել 2 խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Ապօրինի օգտագործված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 3 984 768 խմ։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ նշված 2 խորքային հորի շահագործումը կասեցվել է։

Իրավախախտի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 200 000 դրամի չափով։

Ապօրինի ջրառի հետևանքով ջրային ռեսուրսներին պատճառվել է 35 862 912 դրամի վնաս։

Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։

  • Կիսվել: