երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
Ժամանակի հրամայականն է վավերացնել Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածը․ Անահիտ Ավանեսյան

Ժամանակի հրամայականն է վավերացնել Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածը․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ ԱԺ նոյեմբերի 17-ին գումարված հերթական նիստում քննարկվել է «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է վավերացնել Եվրոպական սոցիալական խարտիայի՝ առողջության իրավունքին վերաբերող 11-րդ հոդվածը, որի ընդունումից 2003 թվականին ձեռնպահ էր մնացել։

Նախարարը նշել է, որ դեռևս 2003 թվականին Հայաստանը ստորագրել և վավերացրել էր խարտիան, սակայն վերապահում էր թողել 11-րդ հոդվածի մասով, որը երկրներին պարտավորեցնում է ապահովել քաղաքացիների առողջական իրավունքները։ Ըստ նրա՝ այդ ժամանակ Հայաստանը չուներ այդ պարտավորությունը լիարժեք իրացնելու հստակ շրջանակ, ինչով էլ պայմանավորված էր չվավերացնելու որոշումը։

«Սակայն հիմա, երբ մենք արդեն փաստացի իրացնում ենք մեր քաղաքացիների առողջության իրավունքը և այս ճանապարհով ենք ընթանում՝ տարեցտարի ընդլայնելով հասանելի բժշկական ծառայությունները, բարձրացնելով դրանց որակը, ապահովելով նաև տարածքային համաչափ զարգացումը, այդ համատեքստում արդեն ժամանակի հրամայականն է, որ Հայաստանը վավերացնի նաև այս հոդվածը»,- ընդգծել է նախարարը։

Նա հավելել է, որ խարտիայի շրջանակում երկրները ներկայացնում են տարեկան զեկույցներ, և այս հոդվածի վավերացումը կարևոր առիթ կլինի միջազգային հանրությանը ներկայացնելու Հայաստանի առողջապահական համակարգում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև Հայաստանի՝ եվրոպական արժեքներին համահունչ լինելը: Անահիտ Ավանեսյանի գնահատմամբ դա փաստացի արդեն գործող իրավունքի իրացման արձանագրումն է լինելու։

Հարակից զեկույցում Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Զարուհի Բաթոյանը գործընկերներին կոչ է արել կողմ քվերակել նախագծին:

  • Կիսվել: