երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Մյունխենում Իսրայելի հյուպատոսարանի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել, հրաձիգը սպանվել է

Մյունխենում Իսրայելի հյուպատոսարանի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել, հրաձիգը սպանվել է

Գերմանիայի Մյունխեն քաղաքում Իսրայելի հյուպատոսարանի և Նացիզմի պատմության թանգարանի մերձակայքում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով ոստիկանների կրակոցներից 1 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ ոստիկանության՝ կասկածյալը տղամարդ էր, որի մոտ կար երկարափող հրացան։

«Ոստիկանության միջամտության շնորհիվ չարագործը կանգնեցվել է, և նա, ամենայն հավանականությամբ, զոհվել է դեպքի վայրում», - ասել է Բավարիայի ներքին գործերի նախարար Ջոակիմ Հերմանը։

Մյունխենի ոստիկանությունը հայտնել է, որ ոչինչ չի վկայում այլ կասկածյալների մասին։

Միջադեպը տեղի է ունեցել 1972 թվականին Մյունխենում Օլիմպիական խաղերի ժամանակ իրականացված հարձակման տարելիցին, երբ պաղեստինյան «Սև սեպտեմբեր» խմբավորման զինյալները սպանեցին 11 իսրայելցի մարզիկի։

Իսրայելի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ հյուպատոսարանը սեպտեմբերի 5-ին փակ է լինելու՝ Օլիմպիական խաղերի ժամանակ տեղի ունեցած սպանության տարելիցի կապակցությամբ։ Հյուպատոսարանի ոչ մի աշխատակից չի տուժել։ 

Ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր լայնածավալ գործողության մասին՝ ի պատասխան միջադեպի, և հանրությանը խնդրել էր հեռու մնալ նշված տարածքից։ Գործողությանը ներգրավվել էր նաև ուղղաթիռ։

 

  • Կիսվել: