հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Մոսկվան պնդում է, որ ԱՄՆ-ը ձգտում է իշխանափոխություն անել Վրաստանում

Մոսկվան պնդում է, որ ԱՄՆ-ը ձգտում է իշխանափոխություն անել Վրաստանում

Վրաստանյան Radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ` TASS ռուսական լրատվամիջոցը, վկայակոչելով Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի ծառայությունը, գրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է իշխանափոխություն անել Վրաստանում, փոխանցում է aliq.ge-ն:

Վերոնշյալ ծառայությունն այս տեղեկությունը տարածել է այսօր` հուլիսի 9-ին, ըստ որի` «Վրաստանում հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների միջոցով Վաշինգտոնը փորձում է իշխանափոխություն իրականացնել»։

Տեղեկատվության համաձայն՝ «Ջո Բայդենի վարչակազմն արդեն մշակել է լայնածավալ տեղեկատվական արշավ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկաբեկման համար»։

Սա առաջին դեպքը չէ, երբ Մոսկվան հայտարարություն է անում աշնանը Վրաստանում սպասվող ընտրություններին ԱՄՆ-ի միջոցով իշխանափոխության վերաբերյալ։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հունիսի 4-ին հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է մինչև հոկտեմբեր Վրաստանում նոր հեղափոխություն իրականացնել։

Խորհրդարանում «գործակալների մասին» խնդրահարույց օրենքի քննարկման ընթացքում, երբ Թբիլիսիում տեղի էին ունենում քաղհասարակության լայնամասշտաբ բողոքի ցույցեր, և օրենքի ընդունումից հետո Վրաստանի կառավարության ներկայացուցիչները ևս հայտարարել են երկրում իշխանությունը տապալելու սպառնալիքի մասին։

  • Կիսվել: