ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Մարդասիրական աղետ է, հունվարին Կիևը լքել է 600,000 մարդ. Կլիչկո

Մարդասիրական աղետ է, հունվարին Կիևը լքել է 600,000 մարդ. Կլիչկո

Հունվարին Ուկրաինայի մայրաքաղաքը, որտեղ ապրում է ավելի քան 3 միլիոն մարդ, լքել է 600,000 բնակիչ։ Այս մասին The Times-ի հետ զրույցում ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, տեղեկացնում է Current time-ը։

Կլիչկոյի մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ Կիևի իշխանություններն այս եզրակացությանն են հանգել՝ հիմնվելով հաշվարկային տվյալների վրա. քաղաքում ներկայում 600,000-ով պակաս «քնած» հեռախոս կա։

«Այստեղից էլ քաղաքապետի կողմից բարձրաձայնված թիվը։ Օրինակ՝ նրանք հաշվարկել են, թե պատերազմի սկզբում քանի մարդ է մնացել քաղաքում (800,000)։ Ոմանք հետևել են խորհրդին և, ունենալով այլ տարբերակներ, հեռացել են քաղաքից։ Բացի այդ, դպրոցական արձակուրդները երկարաձգվել են։ Ուսանողները նաև առցանց են սովորում, և նրանցից մի քանիսը, ովքեր Կիևից չեն, հեռացել են»,- պարզաբանել են քաղաքապետարանից։

The Times-ին տված մեկնաբանությունում Կլիչկոն պնդել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևը տանում է դեպի «մարդասիրական աղետ»։ Նա հայտնել է, որ մայրաքաղաքում 4,000 բազմահարկ շենքեր ներկայում առանց ջեռուցման են, այն վերականգնվել է ավելի քան 1600 շենքում։

«Իրավիճակը բարդ է, քանի որ այս շենքերի մեծ մասը ջեռուցմանը միացվում է երկրորդ անգամ՝ հունվարի 9-ին կարևորագույն ենթակառուցվածքների վնասվելուց ի վեր։ Կոմունալ և էներգետիկ ընկերությունները շարունակում են աշխատանքները Կիևի բնակիչների տներում ջեռուցման, ջրի և էլեկտրաէներգիայի վերականգնման ուղղությամբ»,- նշել է Կիևի քաղաքապետը։

Վիտալի Կլիչկոն խորհուրդ է տվել բնակիչներին՝ «հնարավորության դեպքում լքել քաղաքը», մինչ արտակարգ ծառայությունները փորձում են վերականգնել Կիևի էլեկտրաէներգիան։

  • Կիսվել: