չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Տեղի է ունեցել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տասնամյակին նվիրված գիտաժողով

Տեղի է ունեցել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տասնամյակին նվիրված գիտաժողով

Մայիսի 19-ին տեղի է ունեցել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տասնամյակին նվիրված «Համագործակցություն հանուն փրկության» 10-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովը:

«Ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի խորհրդի համանախագահ Կամո Ցուցուլյանը, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Փրկարար ծառայության ներկայացուցիչներ, հյուրեր:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի անունից շնորհավորելով Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տասնամյակի կապակցությամբ` Կամո Ցուցուլյանը նշեց, որ կենտրոնն արդեն իսկ կայացած կառույց է, որը արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման և հումանիտար աջակցության ուղղությամբ զգալի աշխատանք է իրականացրել` գրանցելով շոշափելի ձեռքբերումներ:

ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարար Ալեքսանդր Կուրենկովի անունից ներկաներին շնորհավորեց Վյաչեսլավ Բուտկոն»,- տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Շնորհավորական խոսք է ասել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Գիտաժողովի ընթացքում քննարկումներ ծավալվեցին հրդեհների ժամանակ խնդիրները և մարտահրավերները, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործում կամավորների դերը, արտակարգ իրավիճակների կանխատեսում և այլ ուղղություններով:

Չինացի գործընկերները տեսակապով ներկայացրեցին արտակարգ իրավիճակների ժամանակ արագ արձագանքման իրենց փորձը: Գիտաժողովի շրջանակում տեղի ունեցավ նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստ, որի ընթացքում քննարկվեցին ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Ավարտին՝ մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով և պատվոգրերով: Ռուսական պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: