ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՌԴ-ն Խերսոնի մարզում հարձակվել է մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյան վրա

ՌԴ-ն Խերսոնի մարզում հարձակվել է մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյան վրա

Ռուսաստանը Խերսոնի մարզում հարձակվել է մարդասիրական օգնություն տեղափոխող չորս բեռնատարներից բաղկացած շարասյան վրա, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ բեռնատարները, ըստ Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգող Մաթիաս Շմալեի հայտարարության, հստակ նշված էին որպես ՄԱԿ-ին պատկանող։

«Նման հարձակումները բացարձակապես անընդունելի են: Մարդասիրական աշխատողները պաշտպանված են միջազգային մարդասիրական իրավունքով և երբեք չպետք է հարձակման ենթարկվեն։ Մարդասիրական աշխատողների և մարդասիրական հաստատությունների վրա միտումնավոր հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է և կարող է համարվել ռազմական  հանցագործություն»,- ասել է Շմալեն։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ բեռնատարներն ուղևորվում էին Բելոզերկա քաղաք, որը մի քանի ամիս մարդասիրական օգնություն չէր ստացել։

Հաղորդվում է նաև, որ երբ մարդասիրական օգնության աշխատակիցները (ներառյալ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուկրաինական գրասենյակների և ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի աշխատակիցները) ժամանել են դեպքի վայր, ինտենսիվ հրետանային կրակոցներ են սկսվել: Այնուհետև, երբ սկսել են բեռնաթափման աշխատանքները, երկու բեռնատարներ հարձակման են ենթարկվել FPV անօդաչու թռչող սարքերով:

Ըստ Շմալեի՝ այդ բեռնատարները հստակ նշված էին որպես Համաշխարհային պարենային ծրագրի մեքենաներ: Վնասվել է երկու բեռնատար: Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել: 

  • Կիսվել: