ՄԱԿ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Բեյրութում տիրող իրավիճակի առնչությամբ
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որր մտահոգված է Բեյրութում տիրող իրավիճակով և կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Նա, մասնավորապես, նշել է. «ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ անհանգստացած է Բեյրութում վերջին 24 ժամվա ընթացքում իրադարձությունների կտրուկ սրման կապակցությամբ, բռնություններին պետք է վերջ տրվի՝ անհապաղ, կողմերը պետք է հետ քաշվեն անդունդի եզրից։ Լիբանանի ժողովուրդը, Իսրայելի ժողովուրդը, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանը չեն կարող թույլ տալ, որ լայնածավալ պատերազմ սկսվի»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը զանգվածային գրոհներ է իրականացնում Լիբանանի ուղղությամբ, հազարավոր զոհեր կան, մեծամասամբ՝ խաղաղ բնակչության շրջանում։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է «Հեզբոլլահ» շարժման առաջնորդներից Հասան Նասրալլան։