ՄԱԿ-ն ահազանգում է Լիբանանում պարենի սուր պակասի մասին
Լիբանանի ավելի քան մեկ միլիոն բնակիչ պարենի սուր պակաս է զգում տարիներ շարունակվող զինված հակամարտությունների և տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Այս մասին հայտարարել են ՄԱԿ-ը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և Լիբանանի Գյուղատնտեսության նախարարությունը, տեղեկացնում է Ֆրանսպրեսը։
Նշվում է, որ, ըստ նրանց համատեղ հայտարարության, երկրի բնակչության գրեթե մեկ քառորդը բախվում է պարենի սուր պակասի՝ ճգնաժամային մակարդակի կամ էլ ավելի ծանր իրավիճակի։
Կազմակերպությունները կոչ են արել «հրատապ միջոցներ» ձեռնարկել կարիքավորներին օգնություն ցուցաբերելու համար։ Նրանց կանխատեսումներով՝ մինչև 2027 թվականի կեսը պարենի պակաս զգացող բնակիչների թիվը կարող է հասնել 1,15 միլիոնի։
Հայտարարության մեջ նաև ասված է. «Աշխատանքի տեղավորման հնարավորությունները շարունակում են սահմանափակ մնալ, խնայողությունները սպառվել են, պարտքային բեռը մնում է բարձր, իսկ սննդամթերքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գները շարունակում են ճնշում գործադրել ընտանեկան բյուջեների վրա»:
Հաղորդվում է նաև, որ առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Լիբանանի հարավի՝ զինված հակամարտություններից տուժած շրջաններում, ինչպես նաև երկրի հյուսիսի և արևելքի աղքատ շրջաններում։
Լիբանանի իշխանությունների գնահատմամբ՝ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև 2023 թվականի հոկտեմբերից սկսված երկու պատերազմների պատճառած վնասը կազմում է շուրջ 27 միլիարդ դոլար։


