ՔԿՀ-ներում VIP պայմաններ չեն կարող լինել․ Սրբուհի Գալյանը՝ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանների մասին
Կալանավորումը պետք է կիրառվի միայն բացառիկ դեպքերում. սա ունի ոչ միայն մարդասիրական բացատրություն, այլև նաև ես չեմ ուզում, որ կալանավորները շատ լինեն որովհետև մեր ՔԿՀ–ների հնարավորություններն անսահմանափակ չեն։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Կալանավորողը ես չեմ, կալանավորումը նախարարությունը չի իրականացնում, միջնորդություն նախարարությունը չի տանում, որոշումը նախարարությունը չի կայացնում, նախարարությունը ուղղակի ապահովում է խափանման միջոցի կիրառումը։
Մի շարք, այդ թվում, ընդդիմադիր գործիչներ կան, որ տնային կալանքի մեջ են գտնվում, կամ նրանց նկատմամբ վարչական հսկողություն է կիրառված։ Կալանավորումըմեր երկրում ազատությունից զրկելու կամ ազատությունը սահմանափակելու հետ կապված ամենաքիչ կիրառվող խափանման միջոցն է, եթե համեմատենք թվերը»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ ընդդիմադիր առաջնորդները այսօր անազատության մեջ են, Գալյանը պատասխանեց. «Ես ոչ մեկին չեմ նստեցրել, բայց հետևում եմ, որպեսզի իրենց խափանման միջոցի կրման պայմանները լինեն հնարավորինս բարվոք։
Լավ է, որ Քոչարյանի թիմակիցները ասում են, որ խափանման միջոցի կրման պայմանները վատ են, բայց վատ է, որ ասում են, որ Քոչարյանի խափանման միջոցի կրման պայմաններն են վատ։ Իրենք որպես քաղաքական գործիչներ, կարծում եմ, բոլորի պայմաններով պետք է հետաքրքրվեն։
Անձը իր խափանման միջոցը կրում է մի խցում, որտեղ նախկինում մեկից ավել անձինք են կրել: Այդ խուցը ունի 7-7.5 քմ տարածք, իսկ միջազգային չափանիշներով 4 քմ–ն տարածքը արդեն բավարար է անձի համար։ Մեզ ներկայացված դիմումում բողոքել էր, որ իր վերևի մահճակալը իրեն խանգարում է նստել և շարժվել և անհարմար է նաև լույսի թափանցելիության է խանգարում։ Մենք ընդառաջ ենք գնացել այդ խնդրանքից և հանել ենք երկրորդ մահճակալը։
Ես չէի ասի՝ VIP պայմաններ են, VIP պայմանների մասին չի կարելի խոսել, երբ որ խոսքը քրեակատարողական հիմնարկների մասին է: Ավելին VIP պայմաններ կարծում եմ՝ չպետք է լինեն քրեակատարողական հիմնարկներում։ Պետք է լինեն այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան չոտնահարել անձի արժանապատվությունը և չհանգեցնել վատ վերաբերմունքի»,–ասաց Գալյանը։



