Լուկաշենկոն ներում է շնորհել 30 քաղբանտարկյալների. նրանց անունները կրկին չեն նշվել
Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել եւս 30 մարդու, որոնք դատապարտվել էին «քաղաքական հանցագործությունների» համար, տեղեկացրել է «Пул первого» թելեգրամ-ալիքը։
Ներման արժանացածների մեջ յոթ կին եւ 23 տղամարդ կա։ Նրանց անունները չեն նշվում։ Նրանց մեծ մասը, ինչպես նշել է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը, անչափահաս եւ փոքրահասակ երեխաների ծնողներ են։
Բոլոր ազատ արձակվածները, ինչպես նշել է «Пул первого»-ն, ներման միջնորդություն էին ներկայացրել, ընդունել էին մեղքը, ինչպես նաեւ «անկեղծորեն զղջացել էին եւ խոստացել օրինապաշտ կենսակերպ վարել»։ Նրանց վերահսկելու է ՆԳՆ-ն, տեղեկացրել է մամուլի ծառայությունը։
Ներման արժանացած քաղբանտարկյալների առաջին խմբի մասին, որը նույնպես բաղկացած էր 30 մարդուց, հայտնի դարձավ օգոստոսի 16-ին։ Նրանց անունները նույնպես չեն նշվել։ Շուտով անկախ պարբերականները պարզել են, որ դրանից ոչ շատ առաջ ազատ էին արձակվել մի քանի քաղբանտարկյալներ։ Բելառուսի ընդդիմության ղեկավար Սվետլանա Տիխանովսկայայի ավագ խորհրդական Ֆրանակ Վյաչորկան նշել է, որ բելառուս իրավապաշտպանները դիվանագետների եւ կազմակերպությունների միջոցով Մինսկին են հանձնել ծանր հիվանդ քաղբանտարկյալների ցուցակները, որոնց պետք է ազատ արձակել։ Այդ ցուցակներում եղել է Լուկաշենկոյի ներմանն արժանացածների մի մասը։ Արդյունքում՝ իրավապաշտպանները պարզել են 30 ներման արժանացածներից 25-ի անունները։