Կոնգոյում հանքի փլուզման պատճառով 200-ից ավելի մարդ է զոհվել
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արեւելքում հանքի փլուզման ժամանակ ավելի քան 200 մարդ է զոհվել, հայտնել են տեղի իշխանությունները, տեղեկացնում է BBC News-ը:
Հյուսիսային Քիվուի նահանգապետ Լումումբա Կամբերե Մույիսան լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ռուբայա քաղաքի հանքը փլուզվել է չորեքշաբթի տեղատարափ անձրեւների պատճառով։ Այդ ժամանակ զոհվածների թիվն անհայտ էր։ Կոլտանի (հանքանյութ-խմբ.) հանքարդյունաբերությամբ զբաղվողների թվում եղել են կանայք եւ երեխաներ։
Մասնավորապես նշվում է, որ փլուզման հետեւանքով զոհվածների մեջ կան կանայք, երեխաներ եւ չգրանցված հանքափորներ, որոնք պաշտոնապես չէին աշխատում հանքարդյունաբերական ընկերություններում։
Հաղորդվում է նաեւ, որ մոտ 20 փրկվածներ բուժվում են հիվանդանոցներում։
Հանքի նախկին պետը հեռուստաընկերությանն ասել է, որ տարածքը վատ էր պահպանվում, ինչը մեծացնում էր վթարների ռիսկը եւ բարդացնում փրկարարական աշխատանքները։ Նա ավելացրել է, որ իրավիճակը սրել է նաեւ գրունտի փխրունությունը:


