Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Դատարան ներկայացված հայցադիմումներով փորձագետները պահանջում են անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու մասին ԵՊՀ հրամանները, վերականգնել իրենց նախկին պաշտոններում և բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձը։
Բացի այդ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը պահանջ է ներկայացրել նաև այն դեպքի համար, եթե նախկին աշխատանքում վերականգնումը հնարավոր չլինի․ այդ պարագայում նա պահանջում է որպես հատուցում բռնագանձել միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով գումար։ Հայտնի է նաև, որ Ղևոնդյանի հայցադիմումը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանին։
Ավելի վաղ ԵՊՀ-ի դեմ հայց է ներկայացրել նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գագիկ Ղազինյանը։ Նա պահանջել է վերականգնել իրեն նախկին պաշտոնում և բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձը։
Ղազինյանի որդին՝ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը, ԵՊՀ-ից հոր հեռացումը կապել էր իր քաղաքական գործունեության հետ։



