չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կիմ Չեն Ընի հետ Ռուսաստան են մեկնել արտաքին գործերի նախարարը եւ բարձրաստիճան զինվորականներ

Կիմ Չեն Ընի հետ Ռուսաստան են մեկնել արտաքին գործերի նախարարը եւ բարձրաստիճան զինվորականներ

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Հին եւ մի քանի բարձրաստիճան զինվորականներ ուղեկցում են  երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընին Ռուսաստան կատարած ուղեւորության ընթացքում։ Այս մասին վկայում են Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության հրապարակած լուսանկարները։

Դրանցում Կիմ Չեն Ընի հետ միասին հատուկ գնացք, որը սեպտեմբերի 10-ին դուրս է եկել Փհենյանից եւ ուղեւորվել է Ռուսաստան, նստել են, մասնավորապես, Աշխատանքային կուսակցության Կենտրոնական ռազմական կոմիտեի փոխնախագահ Լի Բյոն Չհոլը եւ Աշխատանքային կուսակցության Կենտկոմի ռազմական վարչության բաժնի պետ Փակ Չոն Չհոնը։

Բայց պատվիրակության պաշտոնական կազմի մասին չի տեղեկացվում։

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի պետական ռադիոն («Կորեայի ձայն») տեղեկացրել էր, որ Կիմ Չեն Ընը սեպտեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսին դուրս է եկել Փհենյանից հատուկ գնացքով եւ այցով մեկնել է Ռուսաստան։ Ընդգծվել է, որ ուղեւորության ժամանակ նրան ուղեկցելու են կուսակցության, կառավարության եւ զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Հյուսիսային Կորեայի առաջնորդին ճանապարհել են նրա ղեկավարության անդամները, ներառյալ կառավարության նախագահ Կիմ Դոկ Հունը։

Սեպտեմբերի 11-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Կիմ Չեն Ընի հետ տեղի կունենա առաջիկա օրերին։ Ռուսաստան Կիմ Չեն ԸՆի գալիք այցի մասին տեղեկացրել էր Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։

  • Կիսվել: