Կասպից ծովում զինծառայողների մահից հետո ձերբակալվել է Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը
Ղազախստանում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահվան գործով ձերբակալվել և ժամանակավոր պահման մեկուսարան է տեղափոխվել երկրի ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատար, առաջին կարգի կապիտան Կանատ Նիյազբեկովը։ Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, հայտնել են Ղազախստանի ՆԳՆ-ից:
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ Նիյազբեկովը ձերբակալվել է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի կասկածանքով։
Նիյազբեկովը ՌԾՈւ գլխավոր հրամանատարի պաշտոնից ազատվել էր հոկտեմբերի 3-ին։ Նրա հետ պաշտոններից ազատվել էին նաև Ղազախստանի պաշտպանության նախարարի երկու տեղակալներ։
Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 24-ին՝ Կասպից ծովում ուսումնական-մարտական առաջադրանք կատարելիս։ Եղանակային պայմանների վատթարացման և քամու ուժգնացման հետևանքով բաց ծովում հայտնվել էր 17 զինծառայող։ Որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել էին հաջորդ օրը։ Երեք զինծառայողի հաջողվել էր փրկել, իսկ 14-ը զոհվել էին։
Դեպքից հետո Նիյազբեկովը հայտարարել էր, որ ողբերգության պատճառը եղել են «եղանակային պայմաններն ու ալիքների ուժգնացումը»։ Երբ նրան հարցրել էին՝ արդյոք նման զորավարժություններ անցկացնելիս հաշվի՞ են առնվում եղանակային պայմանները, նա պատասխանել էր. «Ընդհանուր առմամբ՝ հաշվի են առնվում»։
Զինծառայողների՝ փրկաբաճկոններով ապահովված լինելու վերաբերյալ հարցին նախկին հրամանատարը պատասխանել էր. «Պետք է լինեն։ Հիմա մենք դա պարզում ենք»։
Դեպքի հանգամանքների վերաբերյալ քննությունը շարունակվում է։ Իրավապահները պարզում են ողբերգության պատճառներն ու պաշտոնատար անձանց պատասխանատվության աստիճանը։



