Կարևոր է շարունակել աշխատանքը ՀԱՊԿ պատրաստակամության ապահովման ուղղությամբ՝ սպառնալիքներին համարժեք արձագանքելու համար. Բելոուսով
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը բանակցություններ է վարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ, հայտնում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից:
Նախարարը նշել է, որ կազմակերպությունում ստեղծվել և կատարելագործվում է ճգնաժամային արձագանքման համակարգը, ձևավորվել են ՀԱՊԿ հավաքական ուժերը, ինչպես նաև պարբերաբար անցկացվում են մարտական պատրաստության միջոցառումներ:
«Կազմակերպության գործունեության տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությամբ: Կարևոր է շարունակել աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատրաստակամության ապահովման ուղղությամբ՝ ռազմաքաղաքական բարդ իրադրության պայմաններում մարտահրավերներին և սպառնալիքներին համարժեք արձագանքելու համար»,-ասել է Բելոուսովը:
Իր հերթին Մասադիկովն առաջարկել է քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
«Խոսքը նախևառաջ ռազմական բաղադրիչի զարգացման մասին է»,ժնշել է նա:
Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման վերաբերյալ երկրի պաշտպանության նախարարության մոտեցումները:


