շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ջո Բայդենը մտադիր է ամերիկյան զորքերն ուղարկել Արևելյան Եվրոպա և ՆԱՏՕ անդամ երկրներ

Ջո Բայդենը մտադիր է ամերիկյան զորքերն ուղարկել Արևելյան Եվրոպա և ՆԱՏՕ անդամ երկրներ

 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկացի զինծառայողները մոտ ժամանակներս կմեկնեն ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական երկրներ:
Սպիտակ տան տվյալներով՝ դաշինքի «արևելյան ճակատի» ուժեղացման բարձր պատրաստության վիճակում են գտնվում ԱՄՆ-ի 8,5 հազար զինվորականներ։
 
«Ես մոտակա ժամանակներս զորքեր կուղարկեմ Արևելյան Եվրոպա, ՆԱՏՕ-ի երկրներ։ Ոչ մեծաթիվ»,-մեջբերում է ՌԻԱ Նովոստին Բայդենի խոսքերը։
 
Ամերիկյան իշխանությունները նշում են, որ 8,5 հազար զինծառայողներից բաղկացած զորակազմը նախատեսված է Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո դաշինքի անդամ երկրների տարածքում հնարավոր տեղակայման համար, այն երկրների, որոնք Ուկրաինայի շուրջ իրադրության լարվածության աճի պայմաններում վախենում են իրենց անվտանգության համար։
Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման հարցը քննարկվել է ԱՄՆ-ի և և ալյանսի դաշնակիցների հետ Ռուսաստանի բանակցությունների ընթացքում:
Մոսկվան, մասնավորապես, պնդում էր արևելյան ուղղությամբ դաշինքը չընդլայնելու և ՌԴ-ին սահմանակից պետություններում դաշինքի ռազմական ենթակառուցվածք չտեղակայելու անհրաժեշտությունը:
 
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխաններում հաշվի չեն առնվել Ռուսաստանի այնպիսի սկզբունքային մտահոգությունները, ինչպիսիք են Ռուսաստանի սահմանների մոտ հարվածային համակարգերի տեղակայումից հրաժարվելը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը թույլ չտալը, ինչպես նաև Եվրոպայում դաշինքի ռազմական ներուժի և ենթակառուցվածքի վերադարձը 1997 թվականի դիրքերին»։
 
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել էր ԵԱՀԿ և Ռուսաստան-ՆԱՏՕ փաստաթղթերում ամրագրված հիմնարար սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, որը թույլ չի տալիս սեփական անվտանգության ամրապնդումը այլ երկրների անվտանգության հաշվին:

  • Կիսվել: