կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հունգարիայի խորհրդարանում առաջարկել են վավերացնել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Հունգարիայի խորհրդարանում առաջարկել են վավերացնել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Հունգարիայի խորհրդարանի իշխող խմբակցությունը՝ «Ֆիդես»-ը, Ազգային ժողով առաջարկ է ներկայացրել՝ վավերացնելու Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին փետրվարի 26-ին կայանալիք գարնանային նստաշրջանի առաջին նիստում: Այդ մասին հայտնել է խմբակցության առաջնորդ Մատե Կոչիշը։

«Պարոն խոսնակին խնդրում եմ, որ 2024 թ. փետրվարի 26-ին կայանալիք գարնանային խորհրդարանական նստաշրջանի առաջին նիստի օրակարգում վերջնական քվեարկություն լինի Շվեդիայի Թագավորության՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու օրինագծի շուրջ», - ասվում է փաստաթղթի տեքստում, որը Կոչիշի կողմից հրապարակվել է Facebook-ում:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը փետրվարի 17-ին հայտարարել է, որ Բուդապեշտը և Ստոկհոլմը «կարևոր քայլեր են արել» իրենց տարաձայնությունները լուծելու ուղղությամբ, և ամեն բան տանում է նրան, որ Հունգարիայի խորհրդարանի գարնանային նստաշրջանի սկզբում պատգամավորները հավանություն կտան ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտին:

Օրբանն իր շվեդ գործընկերոջը հունվարի վերջին հրավիրել էր Հունգարիա՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը քննարկելու համար։

Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո 2022 թ. մայիսին դաշինքին միանալու հայտ են ներկայացրել։ Ֆինլանդիան 2023 թ. ապրիլի 4-ին դարձել է ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։ Շվեդիայի հայտը մինչև այժմ չի ստացել Հունգարիայի հավանությունը։ Թուրքիան Շվեդիայի անդամակցության հայտը հաստատել է հունվարին։ 

  • Կիսվել: