Իրանը հնարավորություն չի ունեցել միջուկային օբյեկտներից որևէ բան հեռացնել, քանի որ մենք արագ ենք գործել. Թրամփ
Իրանը հնարավորություն չի ունեցել որևէ բան (նկատի ունի՝ միջուկային օբյեկտներից ուրանը-ծմբ.) հեռացնելու, քանի որ մենք արագ ենք գործել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Sky News-ը։
Նա, մասնավորապես, ասել է. «Ես կարծում եմ, որ դա լիակատար ոչնչացում էր, ես կարծում եմ, որ նրանք հնարավորություն չեն ունեցել որևէ բան հեռացնելու, քանի որ մենք արագ ենք գործել։ Այդ նյութը հեռացնելը դժվար է, շատ դժվար և շատ վտանգավոր»։
Խոսելով Իրանի կողմից ուրանի հարստացումը շարունակելու սպառնալիքների մասին՝ Թրամփը նշել է. «Վերջին բանը, որ նրանք հիմա ուզում են անել, որևէ բան հարստացնելն է։ Նրանք ուզում են վերակառուցել։ Մենք դա թույլ չենք տա»։
ԱՄՆ նախագահին հարցրել են, թե արդյոք Իրանի վրա ԱՄՆ հարվածները մոտեցրե՞լ են Իսրայել-Համաս համաձայնագրին, ինչին ի պատասխան՝ նա ասել է, որ նույնիսկ հարվածներից առաջ «մենք շատ մոտ էինք Գազայի հարցում համաձայնագրի կնքմանը»։