երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Հարավային Կորեան կընդլայնի ՌԴ և Բելառուս արտահանման համար արգելված ապրանքների ցուցակը

Հարավային Կորեան կընդլայնի ՌԴ և Բելառուս արտահանման համար արգելված ապրանքների ցուցակը

Հարավային Կորեան կընդլայնի այն ապրանքների ցուցակը, որոնց վրա սահմանափակումներ են տարածվում Ռուսաստան և Բելառուս արտահանման համար: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի արդյունաբերության նախարարությանը։

«Կառավարությունը կխստացնի պայքարը ռազմավարական նշանակության ապրանքների չարտոնագրված արտահանման և այլ անօրինական դեպքերի դեմ», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Արդյունաբերության նախարարության տվյալներով՝ Սեուլը Ռուսաստան և Բելառուս մատակարարման համար արգելված ապրանքների ցանկում ավելացրել է ևս 243 անուն ապրանք, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։

Դրանց թվում են մետաղահատ հաստոցները, հաստոցաշինության համար բաղադրամասերը, օպտիկական սարքերի համար մասերը և տվիչները։

Բացի այդ, Հարավային Կորեայի կառավարությունն ուղղումներ է մտցրել արգելված ռազմավարական ապրանքների արտահանման խախտումների համար վարչական միջոցների վերաբերյալ որոշման մեջ, որպեսզի խստացվի պատիժն արտահանման արգելքը խախտողների համար:

Նշվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 9-ին։

Այսպիսով, ապրանքների ընդհանուր թիվը, որոնց արտահանումը Ռուսաստան և Բելառուս սահմանափակվել է, ներկայիս 1159-ից կհասնի 1402-ի։

 

  • Կիսվել: