ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հրադադարի նոր առաջարկների կարիք չկա
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի նոր առաջարկներ ներկայացնելու կարիք չկա։ Ըստ ՀԱՄԱՍ-ի՝ հարկավոր է ճնշում գործադրել, որպեսզի Իսրայելը համաձայնի ԱՄՆ-ի ներկայացրած պլանին, որը շարժումն արդեն ընդունել է։ Այս մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը։
Ակնկալվում էր, որ ԱՄՆ-ն հրադադարի նոր առաջարկ կներկայացնի, որն ուղղված կլինի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անհամաձայնությունները նվազեցնելուն։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձգտում էր խափանել համաձայնությունը՝ պնդելով, որ Իսրայելը դուրս չի գա Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ֆիլադելֆիական միջանցքից:
«Մենք նախազգուշացնում ենք չհայտնվել Նեթանյահուի ծուղակում և չտրվել նրա հնարքներին, քանի որ նա բանակցություններն օգտագործում է, որպեսզի երկարաձգի մեր ժողովրդի դեմ ագրեսիան», - նշված է հայտարարության մեջ։
ՀԱՄԱՍ-ը նշել է, որ ընդունել է հուլիսի 2-ին ԱՄՆ-ի ներկայացրած առաջարկը, համաձայն որի պետք է ազատ արձակվեին երեքը այն վեց պատանդներից, որոնց օգոստոսի 31-ին սպանված էին գտել Գազայի հատվածում։ Ըստ Իսրայելի պաշտպանական գերատեսչության աղբյուրներից մեկի՝ Նեթանյահուն մերժել է ԱՄՆ-ի առաջարկը, քանի որ այն չէր լուծում Ֆիլադելֆիական միջանցքի հարցը։