Գնաճն ուկրաինական ճգնաժամի պատճառով կարող է բողոքներ եւ անկարգություններ հրահրել․ Համաշխարհային բանկ
Էներգակիրների եւ սննդամթերքների գների աճը՝ պայմանավորված ուկրաինական ճգնաժամով, կարող է խորացնել պարենային անվտանգության առկա խնդիրները Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում եւ սոցիալական հուզումներ առջացնել։ Այս մասին ասել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Քարմեն Ռեյնհարթը։
Ուրբաթ օրը Գերմանիան Մեծ յոթնյակի (G7) երկրների գյուղտղնտնախարարների վիրտուալ հանդիպում կկազմակերպի՝ քննարկելու համար ճգնաժամի հետեւանքները պարենային շուկաների կայունացման առիթով աճող անհանգստության ֆոնին։
«Կլինեն կարեւոր ճյուղավորումներ Մերձավոր Արեւելքի, հատկապես Աֆրիկայի, Հյուսիսայի Աֆրիկայի եւ Սահարայից հարավ Աֆրիկայի համար», որոնք արդեն բախվել են պարենային անվտանգության բացակայությանը, ասել է Ռեյնհարթը Reuters գործակալության հարցազրույցում։
«Ես չեմ ուզում մելոդրամատիկ լինել, բայց զարմանալի ոչինչ չկա այն բանում, որ պարենային անվտանգության բացակայությունը եւ անկարգությունները եղել են «արաբական գարնան» պատմության մի մասը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ վերջին երկու տարում հաջող եւ անհաջող հեղաշրջումների թիվն ավելացել է։
Պարենի գների հանկարծակի թռիչքները կարող են հանգեցնել սոցիալական հուզումների, ինչպես տեղի ունեցավ 2007-2008թթ. եւ 2011թ., երբ պարենի համաշխարհային գների բարձրացումը կապված էր ավելի քան 40 երկրներում տեղի ունեցող անկարգությունների հետ։
Գյուղտնտապրանքները հունվարին արդեն թանկացել էին 35 տոկոսով՝ անցած տարվա համեմատ եւ, ինչպես սպասվում է, էլ ավելի են բարձրանալու, քանի որ Ռուսաստանը եւ Ուկրաինան ցորենի, եգիպտացորենի, գարու եւ ձիթայուղի ամենամեծ արտահանողներն են, նշել է Համաշխարհային բանկը։
Փորձագետների կարծիքով՝ էներգակիրների եւ պարենամթերքների գների աճը կարող է նաեւ քաղաքական գործիչներին դրդել ավելացնել սուբսիդիաները, ինչը կխորացնի ցածր եկամուտ ունեցող շատ երկրների պարտքային պարտավորությունները, որոնցից մոտ 60-ն արդեն կամ պարտքային ճգնաժամի մեջ է, կամ մոտ է դրան։
Անցած ամիս ՀԲ-ն նախազգուշացրել էր, որ հետեւանքները կարող են հատկապես լուրջ լինել Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ այնպիսի երկրներ, ինչպիսին է Եգիպտոսը, ցորենի մոտ 80 տոկոսը ներկրում է Ուկրաինայից եւ Ռուսաստանից։ Մոզամբիկը նույնպես ցորենի եւ ձեթի խոշոր ներկրող է։
Ռեյնհարթը նշել է, որ Կենտրոնական Ասիայի երկրները նույնպես բախվել են տնտեսական զգալի խնդիրների՝ հաշվի առնելով նրանց սերտ տնտեսական եւ առեւտրային կապերը Ռուսաստանի հետ, որը, Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով, այս տարի բախվելու է ռեցեսիայի՝ արեւմտյան պատժամիջոցների պատճառով։
«Դա հարվածել է նրանց արժույթին, եւ արդեն կան բանկերի վրա գրոհների նշաններ, վստահության հետ կապված խնդիրներ՝ պարենային անվտանգության բացակայության եւ դրամական փոխանցումների (կրճատման) հետ մեկտեղ»,- ասել է նա։