կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Համաշխարհային բանկը 2025-ից կլիմայական ֆինանսավորման մասնաբաժինը կհասցնի 45 տոկոսի

Համաշխարհային բանկը 2025-ից կլիմայական ֆինանսավորման մասնաբաժինը կհասցնի 45 տոկոսի

Համաշխարհային բանկը որոշել է կլիմայի հետ կապված նախագծերի իր տարեկան ֆինանսավորման մասնաբաժինը 35-ից հասցնել 45 տոկոսի՝ 2025 թվականից այդ նպատակներին ուղղելով ավելի քան 40 մլրդ դոլար: Տեղեկությունը հայտնել է Համաշխարհային բանկի ղեկավար Աջայ Բանգան՝ ելույթ ունենալով Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովում: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Կլիմայի փոփոխության դեմ պայքարն ակտիվացնելու նպատակով Համաշխարհային բանկի խումբը որոշել է 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ֆինանսական տարվա իր տարեկան ֆինանսավորման 45%-ն ուղղել կլիմայի հետ կապված նախագծերին։ Հավակնությունների ավելացումը նշանակում է այդ նպատակների համար ավելի քան 40 միլիարդ դոլարի օգտագործում, ինչը մոտ ինը միլիարդով ավելի է, քան նախապես ծրագրված էր», - պարզաբանել է նա։

2021 թվականին Համաշխարհային բանկը հայտարարել է կլիմայի հետ կապված նախագծերին իր տարեկան ֆինանսավորման միջինը 35%-ը մինչև 2025 թվականը հատկացնելու նպատակի մասին, սակայն 2022 թվականի հուլիսից այդ ցուցանիշը միջինում կազմում է 36,3%։
Բանկի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ բացի կայունության բարձրացումից և կլիմայի փոփոխություններին հարմարվելուց նրանց շրջանում, ովքեր ամենաշատն են տուժել դրա հետևանքներից, Համաշխարհային բանկի խմբի նախագծերը կկենտրոնանան նաև էկոհամակարգերի և կենսաբազմազանության պաշտպանության վրա՝ մարդկանց և մոլորակի առողջությունը պաշտպանելու համար:

  • Կիսվել: