երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գերմանիան պնդում է, որ Ուկրաինային արագ զենք մատակարարվի

Գերմանիան պնդում է, որ Ուկրաինային արագ զենք մատակարարվի

Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ Ուկրաինայի համար շատ կարևոր է Եվրամիության կողմից տրամադրվող օգնության արագ մատակարարումը։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ԵՄ-ում Գերմանիայի ներկայացուցչին։

«Այդ երկրի համար որոշիչ նշանակություն ունի ռազմական ապրանքների արագ մատակարարումն՝ առանց ավելորդ բյուրոկրատական ​​ընթացակարգերի», - Եվրամիությունում Գերմանիայի ներկայացուցիչ Միխայել Կլաուսը հայտնել է dpa գործակալությանը Ուկրաինայի համար սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր միջոցների հատկացման շուրջ Բրյուսելում անցկացված հերթական բանակցություններից հետո։

Նրա խոսքով՝ հատկապես արդյունավետ և արագ է աշխատում առանձին երկրների կողմից ցուցաբերվող աջակցությունը։

Եվրամիությունն այս տարի պլանավորում է լրացուցիչ 5 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային զենքի ու ռազմական տեխնիկայի մատակարարումների ֆինանսավորման համար. այդ գումարից Գերմանիան պետք է վճարի մոտավորապես մեկ քառորդը, այսինքն՝ 1,3 միլիարդ եվրոն։ Դրա հետ մեկտեղ Գերմանիայի կառավարությունն իր հերթին Կիևին ավելի քան 7 միլիարդի ռազմական օգնություն է խոստացել 2024 թվականին և ձգտում է, որ այդ վճարումները ճանաչվեն որպես Գերմանիայի ներդրում ԵՄ մակարդակով Ուկրաինային աջակցելու գործում։

  • Կիսվել: