Գերմանիան մինչև այս տարվա վերջը Կիևին կմատակարարի IRIS-T հակաօդային պաշտպանության ևս երկու համակարգ
Գերմանիայի կառավարությունը մտադիր է մինչև տարվա ավարտը Կիևին մատակարարել IRIS-T հակաօդային պաշտպանության ևս երկու համակարգ: Այս մասին Իտալիայում G7-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբեկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Գերմանիան ԱՄՆ-ից հետո Ուկրաինայի սպառազինությունների երկրորդ մատակարարն է: Գերմանիան մինչ այժմ միջոցներ է հատկացրել Կիևին ռազմական աջակցության համար և պարտավորություններ է ստանձնել մոտ 28 միլիարդ եվրոյի չափով ապագա ծախսերի համար:
2025 թվականի բյուջեի մասին համաձայնագրով՝ Ուկրաինայի ռազմական աջակցության համար Գերմանիան պետք է հատկացնի մոտ 4 միլիարդ եվրո, ինչը երկու անգամ պակաս է, քան 2024 թվականին: Բյուջեն, սակայն, դեռ չի հաստատվել Բունդեսթագի կողմից: