հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եվրոպական խորհրդի ղեկավարը Փաշինյանին և Ալիևին հորդորել է վերսկսել բանակցությունները

Եվրոպական խորհրդի ղեկավարը Փաշինյանին և Ալիևին հորդորել է վերսկսել բանակցությունները

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում հանդիպել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` կողմերին հորդորելով վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ: Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի տարածած հայտարարության մեջ:

Միշելը կոչ է արել «երկու կողմերին շտապ համագործակցել ռազմագերիների և կալանավորվածների վերադարձի հարցում և ականադաշտերի ու այլ կարևոր հումանիտար հարցերում ապահովել լիարժեք թափանցիկություն»:

«ԵՄ-ն պատրաստ է խորհրդատվություն տրամադրել սահմանազատման և սահմանագծման հարցում, ինչպես նաև աջակցել վստահության կառուցմանը: Եվրամիությունը նաև քաջալերում է երկու կողմերին հրատապ կերպով համագործակցել գերիների վերադարձի և ականապատված դաշտերի լիակատար թափանցիկության, ինչպես նաև այլ կարևոր հումանիտար հարցերով: ԵՄ-ն շուրջ 20 մլն եվրո հումանիտար աջակցություն է տրամադրում և շարունակելու է ներգրավված լինել»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ:

Ընդգծվում է նաև, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ալիևի հետ զրույցում ընդգծել է Հարավային Կովկասում կայունություն և բարգավաճում հաստատելու գործում Եվրամիության դերակատարման, ինչպես նաև երկու գործընկեր երկրների հետ ԵՄ հարաբերությունները խորացնելու կարևորությունը:

  • Կիսվել: