ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Եվրախորհրդարանի ընդունած նոր բանաձևը կոչ է անում մեծացնել հեռահար հրթիռների և մարտական ​​ինքնաթիռների մատակարարումները Կիևին

Եվրախորհրդարանի ընդունած նոր բանաձևը կոչ է անում մեծացնել հեռահար հրթիռների և մարտական ​​ինքնաթիռների մատակարարումները Կիևին

Այսօր Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ ընդունեցին բանաձև, որով կոչ է արվում մեծացնել հեռահար հրթիռների և մարտական ​​ինքնաթիռների մատակարարումները Կիևին, ինչպես նաև ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին ասված է Եվրախորհրդարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ փաստաթղթին կողմ է քվեարկել 390 խորհրդարանական, դեմ է արտահայտվել 135 պատգամավոր, 52-ը ձեռնպահ է մնացել։

«Եվրախորհրդարանը ԵՄ-ին և նրա անդամ պետություններին կոչ է անում հետագայում մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցությունը, այդ թվում՝ ինքնաթիռների, մեծ հեռահարության հրթիռների, այդ թվում՝ Taurus-ի, հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերի՝ ներառյալ Patriot-ի և SAMP-T-ի, զինամթերքի մատակարարումները, ինչպես նաև ընդլայնել ուկրաինական ուժերի պատրաստման ծրագրերը»,-ասված է փաստաթղթում։

Դրանից բացի՝ խորհրդարանականները կոչ են արել եվրոպական մայրաքաղաքներին հետևել ԱՄՆ-ի օրինակին և վերացնել Ուկրաինայի համար զենքի օգտագործման բոլոր սահմանափակումները, ձգտել հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 15-րդ, փաթեթի ընդունմանը, ընդլայնել սահմանափակումները մետալուրգիական, միջուկային, քիմիական և բանկային ոլորտներում:

  • Կիսվել: