երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Եգիպտոսի նախագահ Սիսին Թուրքիայում է

Եգիպտոսի նախագահ Սիսին Թուրքիայում է

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական այց է կատարել Անկարա։ Նախագահական համալիրում կազմակերպվել է պաշտոնական ընդունելության արարողություն, գրում է ermenihaber.am-ը:

Դիմավորման արարողությունից հետո Էրդողանը և Սիսին առանձնազրույց են ունեցել։ Մամուլի համար դռնփակ հանդիպումից հետո երկու նախագահների գլխավորությամբ գումարվելու ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստ։

Պաշտոնական տեղեկությամբ՝ հիշյալ խորհրդի նիստում Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունները վերանայվելու են բոլոր առումներով, քննարկվելու են համագործակցության հետագա զարգացմանն ուղղված համատեղ քայլերը։

Երկկողմ հարաբերություններից բացի անդրադարձ է կատարվելու նաև Գազայում տիրող իրավիճակին և իսրայելական հարձակումներին։

Հանդիպման շրջանակներում օրակարգում է նաև հարաբերությունների պայմանագրային հիմքերն ամրապնդելուն ուղղված որոշ փաստաթղթերի ստորագրումը։

Ակնկալվում է, որ այս այցը նոր խթան կհաղորդի Թուրքիա-Եգիպտոս հարաբերություններին և կնպաստի ոչ միայն երկկողմ համագործակցության ամրապնդմանը, այլև ընդհանուր տարածաշրջանային անվտանգության ապահովմանը։

Նշենք, որ Եգիպտոսի նախագահը 12 տարվա մեջ առաջին անգամ է այցելել Թուրքիա:

Անկարայի և Կահիրեի հարաբերությունները խարխլվել են 2013-ին, երբ Եգիպտոսի այն ժամանակվա բանակի հրամանատար Սիսին տապալել է «Մուսուլման եղբայրների» առաջնորդ Մուհամեդ Մուրսիին՝ Էրդողանի դաշնակցին, որը 2012 թ. դարձել էր Եգիպտոսի նախագահը: Մուրսին որպես նախագահ Թուրքիա է այցելել 2012 թ.:

 

  • Կիսվել: