երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
BP ղեկավարը դուրս է գալիս «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդից

BP ղեկավարը դուրս է գալիս «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդից

Բրիտանական British Petroleum «BP»-ն հայտարարել է, որ վաճառում է «Ռոսնեֆտ»-ի 19,75 տոկոսը, իսկ դրա գլխավոր գործադիր տնօրեն Բերնարդ Լունին եւ նախկին ղեկավար Ռոբերտ Դադլին դուրս են գալիս ռուսական ընկերության տնօրենների խորհրդի կազմից: Այդ մասին հայտնել է ВР-ի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«BP-ի տնօրենների խորհուրդն այսօր հայտարարել է, որ BP-ն կազատվի «Ռոսնեֆտ»-ում իր մասնաբաժնից: BP-ն ունեցել է 19,75 տոկոսի չափով մասնաբաժին «Ռոսնեֆտ»-ում՝ 2013 թվականից սկսած: Բացի այդ, BP-ի գործադիր տնօրենն անհապաղ հեռանում է «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդից: Ընկերության՝ BP-ի կողմից ներկայացված մյուս տնօրենը՝ նախկին ղեկավար Բոբ Դադլին, նույնպես դուրս է գալիս տնօրենների խորհրդի կազմից»,-ասված է հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ այդ ֆոնին ընկերության՝ իրենց պաշարների ծավալի, արտադրության եւ հասույթի վերաբերյալ որոշումներն այսուհետ չեն զեկուցվի «Ռոսնեֆտ»-ին, ինչպես նաեւ ընկերությունը դուրս կգա ռուսական ընկերության հետ մյուս համատեղ ծրագրերից:

«Ինչպես շատերը, ես խորը հիասթափություն եմ ապրել Ուկրաինայում իրավիճակի զարգացումների առնչությամբ, իմ սիրտը բոլոր նրանց հետ է, ում առնչվել են այդ իրադարձությունները: Այն ստիպել է մեզ հիմնովին վերանայել BP-ի հարաբերությունները «Ռոսնեֆտ»-ի հետ: Ես համոզված եմ, որ խորհրդի ընդունած որոշումները ոչ միայն ճիշտ են, այլ նաեւ համապատասխանում են BP-ի շահերին: Մեր առաջնահերթ նպատակն է տարածաշրջանում մեր հիանալի մարդկանց մասին հոգ տանելը, եւ մենք կանենք հնարավորինս ամեն ինչ նրանց աջակցելու համար: Մենք նաեւ ուսումնասիրում ենք հնարավորությունները, թե ինչպես BP-ն կարող է նպաստել լայնածավալ հումանիտար ջանքերին»,-ասել է Լունին:

  • Կիսվել: