երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Մեր երկիրը կարող է կամուրջ հանդիսանալ ԵՄ և Եվրասիական տնտեսական միության միջև. Գևորգ Պապոյան

Մեր երկիրը կարող է կամուրջ հանդիսանալ ԵՄ և Եվրասիական տնտեսական միության միջև. Գևորգ Պապոյան

Մայիսի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր էմիրաթական Royal Investment Bureau ընկերության ղեկավար կազմը։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ձևավորված սերտ տնտեսական համագործակցությունը։

«Մեր երկիրը կարող է կամուրջ հանդիսանալ Եվրոպական Միության և Եվրասիական տնտեսական միության միջև։ Մեր ռազմավարական դիրքը Հայաստանը դարձնում է բիզնեսի համար իսկական տարածաշրջանային հաբ»,- նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունն ու տեսլականը՝ ընդգծելով օտարերկրյա ներդրումների համար առավել գրավիչ ոլորտները։ Նա նաև մանրամասնել է պետության կողմից ներդրումների խթանման նպատակով առաջարկվող աջակցության գործիքակազմը՝ ընդգծելով, որ Հայաստանը ձևավորել է ճկուն և անվտանգ ներդրումային միջավայր։

  • Կիսվել: