Պարոն Մինասյան, դուք Դաշնակցությանը տված երդումը շփոթում եք ԱԺ պատգամավորի երդման հետ. Հայկ Կոնջորյան
«Եթե ճիշտ եմ հիշում, դուք կամ ձեր պատգամավորների մի մասը գումարման սկզբում հրաժարվել եք երդվել: Պարոն Մինասյան, դուք Դաշնակցությանը տված երդումը շփոթում եք ԱԺ պատգամավորի երդման հետ»,- ԱԺ-ում դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Միանսյանին՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին՝ Կոնջորյանը նշեց. «Ընդդիմությունն այստեղ նեղսրտում է, թե ինչու մեր խմբակցության պատգամավորները հիմնականում խոսում են իրենց կոռուպցիոն հանցագործությունների, ապօրինի գույքի բնագանձման օրենքի մասին և չեն խոսում հեղափոխությունից հետո տեղի ունեցած օրինազանցությունների կամ կոռուպցիոն հանցագործությունների մասին: Եղել են մի շարք դրվագներ, երբ հեղափոխությունից հետո պաշտոններ զբաղեցնող անձինք ենթարկվել են այդ թվում քրեական պատասխանատվության պաշտոնական լիազորությունների չարաշահման, կոռուպցիոն հանցագործությունների և այլնի հիմքով»:
Հայկ Կոնջորյանը խոսեց նաև կոռուպցիայի մասին. «Ասում եք՝ ժողովուրդը չի տեսնում, թե այդ կոռուպցիան ուր է գնում, ժողովուրդը տեսնում է, երեկ դատախազն իր ելույթում ասաց, որ այն կոռուպցիոն գույքերը, որոնք պատկանում են համայնքին վերադարձվում են համայնքին, որոնք պետությանը՝ վերադարձվում են պետությանը: Պետությունը չի տանում վաճառում, հետո 10 հազար դրամներով գնում ժողովրդին բաժանում, դա մարդկանց դուք էիք բաժանում, մի շփոթեք: Քոչարյանի 4 միլիարդ դոլարի լուրը տարածվել է Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, ըստ օդում կախված լուրերի՝ փեսա Միշիկի հովանավորչությամբ, գուցե նաև դա է պատճատը Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան վիրավորվածությունների, որովհետև Քոչարյանը հասկանում է՝ Սերժ Սարգսյանն ինչ է գցել իր ջեբը, չգիտեմ ովքեր իրար ջեբն ինչ են գցել, մատի և մատանու արանքը չեմ մտնում: 2018 թվականին իշխանության կորուստը ձեզ համար չի եղել քաղաքական իրողություն, իշխանության կորուստը ձեզ համար եղել է անձնական ողբերգություն: Դուք այսօրվա իշխանության նկատմամբ քաղաքական հարց չունեք, ունեք անձնական հարց, դրա համար դուք ատում եք այսօրվա իշխանությանը»: