կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բելառուսի ՀՕՊ-ի համակարգերը բերվել են մարտական պատրասվածության. Լուկաշենկո

Բելառուսի ՀՕՊ-ի համակարգերը բերվել են մարտական պատրասվածության. Լուկաշենկո

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը չի ծրագրում մասնակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին, սակայն հրամայել է հակաօդային պաշտպանությունը մարտական պատրաստության վիճակի բերել,հայտնում է ԲելՏԱ-ն։

«Բելառուսական բանակը ռազմական գործողություններին չի մասնակցել և չի մասնակցում, մենք դա կարող ենք ապացուցել ցանկացած մեկին, ավելին, Ռուսաստանի ղեկավարությունը երբեք մեր առաջ չի բարձրացրել այդ հարցը՝ զինված հակամարտությանը մեր մասնակցության մասին։ Մենք չենք պատրաստվում շարունակել մասնակցել Ուկրաինայում այս «հատուկ գործողությանը»։ Նման անհրաժեշտություն չկա»,- ասել է նա Անվտանգության խորհրդի անդամների և Նախարարների խորհրդի ղեկավարության հետ հանդիպմանը։

Լուկաշենկոն ասել է, որ բելառուսական բանակը Բրեստից մինչև Մազիր ծածկում է պետական սահմանը՝ «արմատականների և զենքի ներթափանցումը երկիր կանխելու համար»։ Միաժամանակ, նրա խոսքով, Բելառուսում հակաօդային պաշտպանության համակարգերը բերվել են մարտական պատրաստության՝ ռուսական զորքերին «մեջքից հարվածը» կանխելու համար։

«Պաշտպանության նախարարն ինձ զեկուցեց, որ պատրաստ է փակել արևմտյան սահմանը ևս հինգ գումարտակով»,- ասել է նա։

Լուկաշենկոն նաև ասել է, որ եթե ռուսական զորքերը Բելառուսի տարածքից չհարձակվեին Ուկրաինայի վրա, ուկրաինական հրթիռները «կթռչեին դեպի Գոմել և Մազիր»։

Նրա խոսքով՝ փետրվարի 24-ի առավոտյան ժամը 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է նրան, որ Բելառուսում գտնվող ռուսական զորքերի խումբը հարձակվելու է Ուկրաինայի վրա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

 

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

 

  • Կիսվել: