Ուկրաինայում Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին 1 կմ-անոց գոտում հատուկ ռեժիմ է սահմանվել
Ուկրաինայում Ռուսաստանի և Բելառուսի հետ պետական սահմանի երկայնքով սահմանվել է հատուկ սահմանային ռեժիմ. տեղեկացնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով Ուկրաինայի կառավարության պորտալին։
Նշվում է, որ սահմանափակումները կգործեն 1 կմ լայնությամբ գոտում՝ ռազմական դրության ամբողջ ընթացքում։
Հատուկ ռեժիմը սահմանվել է օգոստոսի 17-ին Ուկրաինայի նախարարների կաբինետի ընդունած որոշմամբ, որն արդեն ուժի մեջ է մտել։ Պետական սահմանի պահպանության մարմիններն սկսել են կիրառել նոր կարգավորումները։
Հաղորդվում է նաև, որ նոր ռեժիմը տարածվում է Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանագծի երկայնքով 1 կմ-անոց գոտում գտնվող բոլոր հողատարածքների վրա։
Տվյալ տարածքում արգելվում է քաղաքացիական անձանց ազատ մուտքը, տեղաշարժը, գտնվելն ու բնակվելը, արգելվում է ցանկացած աշխատանք, որը կապված չէ զինված ագրեսիայի հակազդման, երկրի պաշտպանության կամ պետական սահմանի պահպանության հետ։



