շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բայդենը հնարավոր է համարել Պուտինի դեմ անձնական պատժամիջոցների կիրառումը

Բայդենը հնարավոր է համարել Պուտինի դեմ անձնական պատժամիջոցների կիրառումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի բացառում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ անձնական պատժամիջոցների կիրառումը Ուկրաինա ենթադրյալ ներխուժման դեպքում՝ գրում է Bloomberg-ը։

Բայդենի կարծիքով, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա «կլինի ամնենախոշորը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այն ի վիճակի է փոխել աշխարհը»։

ԱՄՆ նախագահը միաժամանակ զգուշացրել է, որ նման ներխուժումն «ահռելի հետևանքներ» կունենա Ռուսաստանի համար։

Ավելի վաղ ԱՄՆ-ի դեմոկրատ սենատորները օրինագիծ էին պատրաստել, որը նախատեսում է պատժամիջոցներ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ նախագահի և բարձրաստիճան զինվորականների, ինչպես նաև ռուսական բանկերի, «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման դեպքում:

Սպիտակ տան պաշտոնյաները նշել են նաև, որ ԱՄՆ-ը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների միանվագ, այլ ոչ թե փուլային կիրառում, և դրանց հետևանքները շատ ավելի զգալի կլինեն։

The Wall Street Journal-ը, վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել է, որ Միացյալ Նահանգները Մոսկվայի դեմ պատժամիջոցներից բացի քննարկում է նաև արտահանման սահմանափակումները, որոնք կարող են բացասաբար ազդել միջազգային շուկաներում Ռուսաստանի դիրքի վրա, կհարվածեն ռուբլուն:

  • Կիսվել: