ԱՄՆ-ը առաջին անգամ Ուկրաինայում պատերազմն սկսվելուց հետո հանել է ռազմական կապալառուներ ուղարկելու արգելքը. CNN
Բայդենի վարչակազմը հանել է Ուկրաինա ամերիկյան ռազմական կապալառուներ ուղարկելու արգելքը՝ երկրի զինված ուժերին օգնություն ցուցաբերելու համար ԱՄՆ մատակարարած սպառազինությունների համակարգերի, մասնավորապես՝ F16 կործանիչների եւ ՀՕՊ Patriot համակարգերի սպասարկման եւ նորոգման համար, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով պլանին ծանոթ պաշտոնյային։
Նոր քաղաքականությունը, որը հաստատվել է ընտրություններից առաջ, թույլ կտա Պենտագոնին 2022թ. Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո առաջին ագնամ ամերիկյան ընկերություններին տրամադրել պայմանագրեր Ուկրաինայի տարածքում աշխատելու համար։ Պաշտոնյաների խոսքով՝ նրանք ակնկալում են, որ այդ քայլը կարագացնի ուկրաինացի զինվորականների օգտագործած սպառազինությունների համակարգերի տեխնիկական սպասարկումն ու նորոգումը։
Հեռուստաալիքն ընդգծել է, որ պարզ չէ, թե կպահպանի արդյոք ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն այդ քաղաքականությունը, երբ հունվարին ստանձնի պաշտոնը։ Թրամփը հայտնել է, որ հուսով է վերջ դնել պատերազմին Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ իշխանություն վերադառնալուց հետո «24 ժամվա ընթացքում»։
«Որպեսզի օգնի Ուկրաինային նորոգել եւ սպասարկել ԱՄՆ եւ դաշնակիցների տրամադրած ռազմական տեխնիկան՝ պաշտպանության նախարարությունը իրականացնում է տենդեր կապալառուների ոչ մեծ թվի համար, որոնք կօգնեն Ուկրաինային սպասարկել արդեն տրամադրված օգնությունը»,- ասել է պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը։
«Այդ կապալառուները հեռու կլինեն ճակատի գծից եւ չեն կռվի ռուսական զորքերի դեմ։ Նրանք կօգնեն ուկրաինական զինված ուժերին արագ նորոգել եւ սպասարկել ԱՄՆ տրամադրած տեխնիկան անհրաժեշտության դեպքում, որպեսզի այն կարելի լինի արագ վերադարձնել ճակատի գիծ»,- ավելացրել է նա։
ՊՆ ներկայացուցիչը հաստատել է, որ ԱՄՆ-ը առաջ է մղում այս պլանը, քանի որ Ուկրաինային ԱՄՆ տրամադրած համակարգերի մի մասը, մասնավորապես F-16-ները եւ Patriot-ները, «պահանջում են հատուկ տեխնիկական իմացություններ սպասրակման համար»։