ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
«Ամերիկայի ձայնի» հեռարձակումները դադարեցնելու Թրամփի վարչակազմի որոշումը ճանաչվել է  անօրինական

«Ամերիկայի ձայնի» հեռարձակումները դադարեցնելու Թրամփի վարչակազմի որոշումը ճանաչվել է անօրինական

ԱՄՆ դաշնային դատարանը որոշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ «Ամերիկայի ձայնի» միջազգային ռադիոհեռարձակողի գործունեությունը դադարեցնելու մասին որոշումն անօրինական է եղել: Այս մասին տեղեկացնում է AP-ը։

Նշվում է, որ Վաշինգտոնի շրջանային դատավոր Ռոյս Լամբերտը հրամայել է վարչակազմին վերաբացել մեդիա ընկերությունը և վերականգնել վերակառուցման ընթացքում ազատված աշխատակիցներին։

Դատարանը պարզել է, որ զանգվածային կրճատումները և մեկ տարվա ընթացքում ավելի քան 1042 աշխատակցի վճարովի վարչական արձակուրդի ուղարկելը իրականացվել են առանց բավարար իրավական հիմքի և խախտել են դաշնային վարչական օրենսդրությունը։ Դատավորը պարզել է նաև, որ ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալության (USAGM) նախկին ղեկավար Քարի Լեյքը անօրինական է գործել, երբ փաստացի կասեցրել է «Ամերիկայի ձայնի» և այլ միջազգային ստորաբաժանումների գործունեությունը։

Որոշումը USAGM-ին պարտավորեցնում է մեկ շաբաթվա ընթացքում հեռարձակումը վերականգնելու և մինչև 2026 թվականի մարտի 23-ը աշխատակիցներին բնականոն գործունեությանը վերադարձնելու ծրագիր մշակել: Դատարանը քննադատել է նաև վարչակազմի գործողությունները՝ «Ամերիկայի ձայն»-ի փակման անբավարար հիմնավորման համար և նշել, որ նման միջոցառումները խաթարում են անկախ միջազգային հեռարձակման առաքելությունը, որը հասնում է տասնյակ լեզուների և միլիոնավոր ունկնդիրների ամբողջ աշխարհում։

  • Կիսվել: