Ադրբեջանը մի շարք պրագմատիկ քայլեր է կատարել խաղաղության և համագործակցության առաջխաղացման համար․ Բայրամով
2020 թվականի նոյեմբերի 10-ին ընդունված եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը մի շարք պրագմատիկ քայլեր է կատարել խաղաղության և համագործակցության առաջխաղացման համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Անտալիայում կայացած Միջազգային դիվանագիտական համաժողովի շրջանակում:
«Նոյեմբերի հայտարարության ստորագրումից բառացիորեն շաբաթներ անց Բաքուն պայմաններ է ստեղծել Ղարաբաղի շրջանի հայ բնակչությանը հումանիտար օգնություն մատակարարելու համար: Միևնույն ժամանակ Ադրբեջանը բացել է գազատրանսպորտային ենթակառուցվածքները` Հայաստան վառելիք տեղափոխելու համար»,- ասել է Բայրամովը։
Վերջինս ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային ուղիների վերականգնումը համապատասխանում է ողջ տարածաշրջանի շահերին, և տվյալ ուղղությամբ շարունակվում է աշխատանքը` ՌԴ-ի մասնակցությամբ եռակողմ հանձնաժողովի շրջանակում:
Նրա խոսքով` երկխոսության առաջխաղացման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի քաղաքական կամքի առկայություն: «Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա: Դա միակ ճիշտ ուղին է այսօրվա դրությամբ»,- ասել է ադրբեջանցի նախարարը: