ՎԶԵԲ-ը Հայաստանին 10,6 մլն եվրո վարկ կտրամադրի
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանին 10,6 մլն եվրո վարկ կտրամադրի հայ - իրանական սահմանի <Մեղրի> հսկիչ անցագրային կետի արդիականացման համար: Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ներկայացված համաձայնագրի վերաբերյալ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի խոսքով, բանկի հետ համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի փետրվարի 7-ին: Արդիականացման ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 21,1 մլն եվրո, որից ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 10,6 մլն եվրոյի վարկ՝ Libor+1% պայմաններով, ինչը կիսամյակային կտրվածքով կազմում է 1,7%: Ֆինանսավորման մեծ մասը կապահովվի դրամաշնորհային միջոցների հաշվին։ Ծրագրի իրականացման արդյունքում անցակետը կընդլայնվի ներկայիս 6,6 հա-ից մինչեւ 8,8 հա: Թողունակությունը օրական 300 ավտոմոբիլից կաճի մինչեւ 900: Ամբողջ նախագիծը նախատեսվում է ավարտել 2022 - ի վերջին-2023-ի սկզբին: Հսկիչ անցակետերում կիրառվելու են միջազգային չափանիշներին համապատասխանող մեխանիզմներ ՝ բուսասանիտարական, մաքսային և այլն:
Փաշայանը նաեւ նշել է, որ արդիականացված անցակետը պետք է դառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարեւոր բաղկացուցիչ մասը: Բացի այդ, այն կնպաստի Հայաստանի հետ Իրանի, ԵԱՏՄ երկրների հետ Իրանի և Իրանի հետ ԵԱՏՄ երկրների
ապրանքաշրջանառության աճին։