ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վիճակահանությամբ բաշխվելու է 339 բնակարան

Վիճակահանությամբ բաշխվելու է 339 բնակարան

Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի 2-րդ փուլի շրջանակում բնակարանների և ավտոկայանատեղիների վիճակահանությունը տեղի կունենա հուլիսի 19-ին:

Վիճակահանության անցկացման վերաբերյալ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանը հրապարակվել է կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում: Հրամանով հաստատվել է նաև վիճակահանության մասնակիցների ցուցակը և վիճակահանության գործընթացը կազմակերպող աշխատանքային խմբի կազմը:

Այսպիսով՝ Երևանի Գրիբոյեդովի փողոցի 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի երկրորդ փուլի բնակարանների և ավտոկայանատեղիների վիճակահանությունն անցկացվելու է առցանց եղանակով հուլիսի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև 19:00-ն: Ըստ անհրաժեշտության՝ կշարունակվի հաջորդող օրերին՝ մինչև կարգով սահմանված խաղարկության ավարտը:

Ծրագրի մասնակիցները վիճակահանությանը կարող են հետևել ուղիղ հեռարձակմամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամասի ֆեյսբուքյան էջերում: Վիճակահանությամբ բաշխվելու է 339 բնակարան, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված արտոնության համաձայն՝ 9 բնակարան առանց վիճակահանության արդեն հատկացվել է հանրային այն ծառայողներին, որոնց ընտանիքի անդամը զոհվել է 2020թ. 44-օրյա պատերազմում:

Բնակարանների վիճակահանության հերթականությունը կանխորոշված չէ. այն որոշվելու է էլեկտրոնային համակարգի կողմից ինքնուրույն:

  • Կիսվել: