շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վարչապետի աշխատակազմը ավտոպարկի օպտիմալացման խնդիր է դրել․ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմը ավտոպարկի օպտիմալացման խնդիր է դրել․ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմն այս տարի իր առջև ավտոպարկի օպտիմալացման խնդիր է դրել, «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով բյուջեի կատարմանը՝ Հարությունյանն ասաց, թե անցյալ տարվա ցուցանիշներով բավականին լավ արդյունք են ունեցել:

«Եթե նույնիսկ չհաշվենք կորոնավիրուսի և պատերազմի տարին, 2020-ի կատարողականը 71.2 է եղել, օբյեկտիվորեն այդպիսին կարող էր լինել, 2019-ին ունեցել ենք 76.6 տոկոս, 2018-ին՝ 86.1 տոկոս, հաշվետու տարում՝ 2021 թվականին՝ 91.2 տոկոս: Մենք ունեցել ենք 11 ծրագրի իրականացման համար հատկացված 27.6 մլրդ դրամ, տարվա ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում ճշգրտված բյուջեն կազմել է շուրջ 26.2 մլրդ դրամ կամ 1.4 մլրդ դրամով պակաս: Աշխատակազմի պատասխանատվությամբ 2021-ի ընթացքում կատարվել է բյուջեի 10 ծրագիր, ծախսերը կազմել են 23.9 մլրդ՝ 91.2 տոկոս: Նախորդ տարվա համեմատ աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերն աճել են 29 տոկոսով կամ 5.4 մլրդ դրամով», - նշեց նա:

Վարչապետի լիազորությունների ապահովման ծրագրի համար ունեցել են 16.2 մլրդ դրամ։ Մի շարք փոփոխությունների արդյունքում ճշտված պլանը կազմել է 13.4 մլրդ դրամ, իսկ փաստացի ծախսը՝ 11.7 մլրդ դրամ կամ 87.5 տոկոս:

«Շեղումը հիմնականում պայմանավորված էր Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առևտրի և ենթակառուցվածքների զարգացման վարկային ծրագրի կատարողականով», - ասաց աշխատակազմի ղեկավարը:

Հարությունյանը վստահեցրեց՝ իրենց պարտականությունները կազմակերպությունների և կուսակցությունների նկատմամբ գրեթե լիարժեք կատարել են:

Միջազգային դատարաններում, արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում «ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն» ծրագրի կատարողականը 2021-ին եղել է 93.3 տոկոս: Տոների և հիշատակի օրերի ծրագրի համար հատկացված է եղել 190 մլն դրամ, սակայն այստեղ խնայողություն է տեղի ունեցել, դա իրականացրել են այլ միջոցներով:

 

«Ներկայում կառավարությունում հաջորդ տարվա ՄԺԾԾ հայտերն են քննարկվում: Երեկ արձնագրեցինք, որ եթե ոչ միակը, ապա շատ քիչ մարմիններից ու գերատեսչություններից է վարչապետի աշխատակազմը, որ սահմանված չափաքանակից քիչ է ներկայացրել: Ոչ թե այն պատճառով, որ ծրագրերը չենք իրականացնում, ծրագրերն իրականացնում ենք, մի բան էլ ավելի, պարզապես կարողացել ենք որոշակի օպտիմալացումներ իրականացնել: Այս տարի մեր առջև այլ խնդիրներ էլ ենք դրել, մասնավորապես, ավտոպարկի օպտիմալացման առումով, որպեսզի մենք ծանրաբեռնված չլինենք և համապատասխան ծախսերը նվազեցնենք», - ասաց Հարությունյանը:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ավտոպարկի վերաբերյալ տեսակետ հայտնեց, թե հնարավոր է երկու տարբերակ` կա՛մ Հարությունյանի մատնանշածը, կա՛մ էլ անցումն էլեկտրոմոբիլներին:

«Հաշվի առնելով ներկայիս միտումները` կապված վառելիքի գնի շարունակական աճի հետ, ստացվում է` հիմնական ծախսը ոչ թե մեքենան է լինում, այլ դրա պահպանությունը։ Կարծում եմ` կառավարությունն ու բոլոր գերատեսչությունները ժամանակի ընթացքում պետք է անցնեն էլեկտրոմոբիլների», - ասաց Պապոյանը:

«Իհարկե, միջոցներ պետք է ձեռնարկել ոչ միայն կրճատելու, այլ հնարավոր օպտիմալ տարբերակներ ընտրելու: Կառավարությունում ոչ պաշտոնապես, բայց կուլիսներում և բյուջետային քննարկումների ժամանակ, երեկ էլ մեր գործընկերների հետ քննարկելիս, երբ մեքենաների հայտեր էին ներկայացրել, քննարկում էինք էլեկտրական մեքենաների տարբերակը, որը սպասարկման առումով բավական մատչելի է։ Բոլոր նրանք, ովքեր ունեն նման մեքենաներ, դա կփաստեն», - արձագանքեց Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝  կառավարությունն ամեն կերպ ողջունում է նման մեքենաների օգտագործումը և դա է պատճառը, որ էլեկտրոմոբիլների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն գանձվում:

 

Հարությունյանի խոսքով` ավտոպարկում առկա շուրջ 900 մեքենաների ծանրակշիռ մասը հնամաշ է, ենթակա է փոփոխության:

«Այս տրամաբանության մեջ մեզ ոչ միայն օպտիմալացում է պետք, այլ հնարավոր փոփոխությունների դեպքում այնպիսի տարբերակներ գտնենք, որոնք թույլ կտան մեզ լուրջ խնայողություններ անել», - հավելեց նա:

  • Կիսվել: