ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Թող մեզ տեղափոխեն Աշտարակ, տեղավորեն, հետո նոր բազմահարկ շենք կառուցեն. ՕԴՔ գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն

Թող մեզ տեղափոխեն Աշտարակ, տեղավորեն, հետո նոր բազմահարկ շենք կառուցեն. ՕԴՔ գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն

Օրգանական եւ դեղագործական քիմիայի  գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 23-ին բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ. նրանք բողոքում են, որ կենտրոնի տարածքում, որն օտարվել է ժամանակին բազմահարկ շենք են ուզում կառուցել:

Օրգանական եւ դեղագործական քիմիայի  գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք դեռ մեկ տարի առաջվանից բողոքում էինք, որ կենտրոնի ջրավազանը 2007-ից ի վեր ապօրինի օտարվել է 5-6 անգամ, իսկ ներկայիս սեփականատերն այնտեղ ուզում է բազմահարկ շենք կառուցել մեր 3 հարկանի շենքերի հենց արանքում, կողքով ջրանցք է հոսում:

Պետությունը չի կարո՞ղ այլ տարածք տրամադրել բազմահարկ շենք կառուցելու համար: ՔԿ-ն պարզել է, որ այդ բոլոր գործարքները կատարվել են կոռուպցիոն բնույթով: 2007-ին այդ տարածքը վաճառվել է 1,2 մլն դրամով: Հիմա դրա արժեքը հասել է 380 մլն դրամի: Հիմա սեփականատերն ասում է՝ ջրանցքը հանեք իմ տարածքից, ես այստեղ շենք եմ կառուցելու:

Դրոշակ են դարձրել, թե ձեզ տանելու ենք Աշտարակ, դուք մի անհանգստացեք: Անհնար է, որ այդտեղ շինարարություն լինի եւ մենք զուգահեռաբար այդտեղ աշխատենք: Եթե կառավարությունը որոշել է մեզ տեղափոխել Աշտարակ, թող այնտեղ կառուցի, մեզ տեղավորի այնտեղ, նորմալ սկսենք աշխատել, որ էստեղ սկսեն շինարարությունը»:

Նրա խոսքով, քաղաքապետարանը թույլտվություն է տվել ջրանցքը տեղափոխելու, բայց իրենց հետ դա չեն համաձայնեցրել. «Առանց մեզ ասելու եկել, դարպասները կոտրել են, մտել են, սկսել են հորատել, պահակների համար տնակ են դրել ու քանդելով գնում են: Թող պետությունը մեզ ասի՝ դուք մեզ պետք չեք, կամ մեր հարցը նորմալ լուծի»:

  • Կիսվել: