չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Տնտեսության զարգացման տեսնակյունից հագուստի մաքսազերծման նոր կարգը կարևոր և նույնիսկ պարտադիր պայման է․ ձեռնարկատեր

Տնտեսության զարգացման տեսնակյունից հագուստի մաքսազերծման նոր կարգը կարևոր և նույնիսկ պարտադիր պայման է․ ձեռնարկատեր

Սեպտեմբերի 1-ից Հայաստան ներմուծվող հագուստի մաքսազերծման նոր մեթոդների ներդրումը լիարժեք կարող է սկսել կիրառվել առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում, երբ մարդիկ սկսեն Թուրքիայից հագուստներ ներկրել։ Այդ մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, տնտեսական գործունեություն իրականացնող Սամսոն Գրիգորյանը։

Նրա խոսքով, նոր կարգից դժգոհողներ հիմնականում դեռ չկան։

«Կան նախնական բողոքներ, բայց քանի որ դեռ այդ կարգով մաքսազերծումներ չեն իրականացվում, գործնական դժգոհություններ չկան։ Կարգը ճիշտ է, ուժի մեջ է մտել սեպտեմբերի 1-ից, բայց գործելու է սեպտեմբերի 1-ից արտահանվող երկրից դուրս եկող ապրանքների վրա», - ներկայացրեց Գրիգորյանը։

Նշենք, որ խոսքը այս սեպտեմբերի 1-ից ներկրվող հագուստի մաքսազերծման նոր կանոնների մասին է, որի համաձայն, ներմուծվող հագուստը այսուհետ մաքսազերծվելու է բոլոր այլ ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։ Այսինքն՝ այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, և հաշիվ ապրանքագրերում (ինվոյս) պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Ինֆորմացիայի թերի հայտարարագրումը կբերի վարչարարության կիրառման։

Իջեցված գներով, թերի տեղեկատվությամբ ու փաստաթղթերով ապրանքներ մաքսազերծելիս կկիրառվեն մաքսային արժեքի որոշման այլ գործիքակազմեր՝ գնի ճշտում, վերջին մի քանի ամիսներին ներմուծված նույնանման ապրանքների գների համադրում և այլն։ Բացի այդ, նոր կարգի կիրառման դեպքում Հայաստան արգելվում է ներմուծել կեղծ բրենդային ապրանքներ։ Եվ եթե ներմուծված կեղծ բրենդային ապարանքները չբացահայտվեն, ապա կմաքսազերծվեն բրենդային ապրանքների գներով, ինչը ձեռնտու չի կարող լինել ներկրողի համար։ Նոր կարգի դեպքում հիմնական բողոքները, ըստ Գրիգորյանի, լինելու են թղթաբանության հետ կապված՝ բյուրոկրատական քաշքշուկը մեծանում է։

«Փոքր գնորդները սովորել էին՝ ոչ մի բանի հետ գործ չէին ունենում, իրենց ապրանքը գալիս էր, վերցնում էին, գնում էին, բայց հիմա պետք է ինվոյսներ ներկայացվեն։ Սա շատ նորմալ գործընթաց է և նշանակում է, որ եթե մարդը ծավալում է տնտեսական գործունեություն, ապա պարտավոր է ունենալ թղթաբանություն», - ներկայացրեց շարժման ներկայացուցիչը։

Հարցին, թե հնարավո՞ր է նոր կարգը ազդի Հայաստանում հագուստի գների վրա, Գրիգորյանը պատասխանեց․

«Որոշակիորեն կարող է ազդել՝ մի կողմից հնարավոր է բարձրանա, մյուս կողմից՝ նվազի: Թանկանոց ապրանքը երբ բերվում էր ու կիլոգրամով էր մաքսազերծվում, կարող է ինվոյսային արժեքով մաքսազերծման դեպքում թանկ լինի։ Էժանագին ապրանքներին, չեմ կարծում, թե կվերաբերի։ Ամեն դեպքում ժամանակը ցույց կտա»։

Ընդհանուր առմամբ, նոր կարգը Սամսոն Գրիգորյանը շատ կարևոր և նույնիսկ պարտադիր պայման է համարում տնտեսության զարգացման տեսանկյունից, անգամ այն դեպքում, երբ տնտեսվարողների համար քաշքշուկը շատանում է։

Բայց նրա խոսքով, հույս կո, որ այդ քաշքշուկը նվազագույնի կհասցվի՝ փաստաթղթաշրջանառությունը նվազեցնելու հաշվին։

«Կառավարությունը պարտավոր է այնպես անել, որ մաքսիմալ պարզեցվեն հարկային, մաքսային ընթացակարգերը, որպեսզի հասարակ տնտեսվարողի համար էլ հեշտ լինի գործունեություն իրականացնել։ Մեզ մոտ դեռ կոմունիստական հոգեբանությունն է իշխում՝ ինչքան շատ թուղթ, այնքան լավ, բայց դա ճիշտ չէ տնտեսության զարգացման համար։ Ես լիահույս եմ, որ այս կարգը ընդունելուց հետո ժամանակի ընթացքում մաքսիմալ կպարզեցնեն ընթացակարգերը», - հավելեց Սամսոն Գրիգորյանը։

  • Կիսվել: