ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տնտեսավարողներին տրամադրվող պետական օժանդակության ժամկետը կերկարաձգվի 6 ամսով

Տնտեսավարողներին տրամադրվող պետական օժանդակության ժամկետը կերկարաձգվի 6 ամսով

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 6 ամսով երկարաձգել տնտեսվարողներին 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո կոնյակի սպիրտների այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման համար վճարված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքերի չափով տրամադրվող պետական օժանդակության տրամադրման ժամկետը: Այն հնարավորություն կտա ապահովելու շուրջ 3.0 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանում, ինչպես նաև կազմակերպելու 2022 թվականին ակնկալվող խաղողի մթերումների գործընթացը։

Ըստ այդմ՝ առաջարկվում է Կառավարության նախկինում ընդունած որոշման մեջ կատարել փոփոխություն, որի համաձայն՝ տնտեսվարողներին տրամադրվող պետական օժանդակության տրամադրումը երկարաձգվում է 6 ամսով՝ մինչև 2022 թ. դեկտեմբերի 30-ը։ Գործադիրը փոփոխություն է կատարել Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում, ըստ որի՝ պտուղ-բանջարեղենի մթերումների համար տրամադրվող վարկի չափի հաշվարկում ներառվող պայմանագրերի կնքման համար սահմանված մինչև հունիսի 1-ը վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև հոկտեմբերի 1-ը։

Արդյունքում հնարավորություն կտրվի պտուղ-բանջարեղենի գնումներ կատարող ընկերություններին՝ ծրագրից օգտվելու նպատակով հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը կնքելու պտուղ-բանջարեղենի գնման պայմանագրեր, որով կապահովվեն պտղի, մասնավորապես՝ ծիրանի մթերումների և դրանց դիմաց կատարվող վճարումների գործընթացները։ Հիմնավորման համաձայն՝ ծրագրի շրջանակում պտուղ-բանջարեղենի մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը։

Հիմնավորման համաձայն՝ մինչև հունիսի 1-ը շուրջ 1361 գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է հումքի գնման 1510 պայմանագիր։ Պայմանագրերի գերակշիռ մասը կազմում են բանջարեղենի, մասնավորապես՝ լոլիկի գնման պայմանագրերը, իսկ պտղի մասով կնքված պայմանագրերը շատ փոքր տոկոս են կազմում։ Վերջին օրերին արտահանման լոգիստիկ խնդիրներով պայմանավորված լուրջ խնդիրներ են առաջացել պտղի, մասնավորապես՝ ծիրանի արտահանման համար, և անհրաժեշտություն է առաջացել արտադրված ծիրանի բերքի իրացումն ապահովել վերամշակողների կողմից մթերելու միջոցով, մինչդեռ ծրագրի շրջանակում պտուղ-բանջարեղենի մթերման պայմանագրերի կնքման՝ մինչև հունիսի 1-ը սահմանված վերջնաժամկետը խոչընդոտում է տնտեսվարողներին՝ նոր պայմանագրեր կնքել և մթերվող բերքի արժեքը վճարել։

  • Կիսվել: