երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Տիգրան Արզաքանցյանի ընկերուհին Հայաստանում ընկերություններ է հիմնադրել և գինի է արտահանելու

Տիգրան Արզաքանցյանի ընկերուհին Հայաստանում ընկերություններ է հիմնադրել և գինի է արտահանելու

Տիգրան Արզաքանցյանի ընկերուհին՝ Նատալյա Ռոտենբերգը (Наталья Ротенберг) 2019 թվականին երկու ընկերություն է հիմնադրել Հայաստանում, գրում է Hetq.am-ը։

Առաջինը՝ «ՆՌ Ինվեսթմենթ» ՍՊԸ-ն, գրանցվել է 2019թ․ հուլիսի 31-ին։ Միակ հիմնադիր-բաժնետերը Նատալյա Սերգեյի Ռոտենբերգն է։ Հիշեցնենք, որ վերջինս ռուս մեծահարուստ Արկադի Ռոտենբերգի (Аркадий Ротенберг) երկրորդ կինն էր, ում հետ պաշտոնապես ամուսնալուծվել է 2013-ին։ Արկադի Ռոտենբերգի կարողությունները 2018թ․-ին գնահատվել են 3,1 մլրդ դոլար։

Տիկին Ռոտենբերգի գրանցման հասցեն պետռեգիստրում նշվում է Վազգեն Սարգսյան 26/3 շենքը, որտեղ գրանցված է նաև նշված ընկերությունը։

«ՆՌ Ինվեսթմենթ» ՍՊԸ-ն նոյեմբերին Հավատարմագրման ազգային մարմին հայտ է ներկայացրել գինիների արտահանման համար, որտեղից տեղեկանում ենք, որ Ոսկեհատ խաղողի տեսակից 271 շիշ «Աշտարակ» գինի է արտահանելու Հայաստանից ԵԱՏՄ երկրներ։ Խաղողի խերես թնդեցված գինին 1954 թվականի է։ Գինիների արտադրող նշվում է «Աշտարակյան գինիներ» ՓԲԸ-ն է, որը սնանկ է ճանաչվել։

Երկրորդ ընկերությունը՝ «ՆՌ Նացիոնալ պարկ» ՍՊԸ-ն գրանցվել է տարվա վերջին՝ դեկտեմբերի 5-ին։ Այստեղ էլ Նատալյա Ռոտենբերգը միանձնյա բաժնետեր է։ Այս ընկերությունը գրանցված է Տիգրան Արզաքանցյանի հայրենի Գավառում՝ Դաշտոյան փողոցի 27 շենքում։

Տիգրան Արզաքանցյանի հեռախոսահամարը հասանելի չէր։ «ՆՌ Ինվեսթմենթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գագիկ Արզաքանցյանից փորձեցինք ճշտել՝ ինչպես նրա հետ կապ հաստատել։ Վերջինիս տեղեկություններով՝ Տիգրան Արզաքանցյանը և տիկին Ռոտենբերգը երկրում չեն։

Նատալյա Ռոտենբերգին և Տիգրան Արզաքանցյանին ուղղված մեր ինստագրամյան հաղորդագրություններն առայժմ անպատասխան են մնացել։

Տիկին Ռոտենբերգը հանրությանը ներկայանում է որպես հասարակական գործիչ, բարերար և գործարար կին։ Սոցիալական ցանցերում Նատալյա Ռոտենբերգն ակտիվ է։ Ըստ ամենայնի, իր ակտիվությամբ վարակել է նաև Տիգրան Արզաքանցյանին, որը նույնպես անձնական լուսանկարներ և վիդեոներ է տեղադրում ինստագրամյան իր էջում։ 

Տիգրան Արզաքանցյանը տեսանյութեր է հրապարակել նաև նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մասնակցությամբ և նրա ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» կարի արտադրամասից։ 

  • Կիսվել: